Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով


Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ:

«Ազատության» հարցին՝ Քրեական օրենսգրքի ո՞ր հատկանիշներով է գործ հարուցվել, ծառայության մամուլի կենտրոնից փոխանցեցին՝ առայժմ չեն կարող հստակեցնել:

Ուշագրավ է, որ կիրակի օրը ԱԱԾ-ի տարածած առաջին երկու հաղորդագրություններում խոսվում էր միայն «մի խումբ զինված մարդկանց» մասին, իսկ երրորդ հաղորդագրությունում արդեն առկա էր «ահաբեկիչներ» բառը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով, ԱԱԾ-ն պարտավոր է հանրությանը տեղեկացնել, թե ինչ հատկանիշներով է հարուցվել քրեական գործը, որովհետև հատկապես նման իրավիճակների քննությունը պետք է հանրության համար ամբողջովին թափանցիկ լինի:

«Գուցե քանի դեռ հանգուցալուծում չկա և բանակցային գործընթաց է գնում, գուցե չեն հրապարակում բանակցային գործընթացին չխանգարելու համար, բայց դա էլ հետագայում իրենք պիտի որևէ պետք պատճառաբանեն, թե իրոք պատճառ կա՞ր հանրությունից ինչ-որ բան թաքցնելու, թե՞ չկար», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Վարոսյանը:

Ըստ փաստաբանի, անցած օրերին ակնհայտորեն խախտվել է անմեղության կանխավարկածը․ - «Ահաբեկիչ ասելը կամ ահաբեկչություն ասելը արդեն քրեաիրավական գնահատական է: Կա Քրեական օրենսգրքի համապատասխան հոդված՝ «Ահաբեկչություն», և կիրառել ահաբեկիչ տերմինը որևէ անձի նկատմամբ կարելի է միայն այն դեպքում, երբ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ այդ անձի նկատմամբ»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, մինչդեռ, ասում է՝ ԱԱԾ-ի որոշելու հարց է՝ հարկավո՞ր է արդյոք ներկայացնել, թե ինչ հատկանիշներով է քրեական գործ հարուցվել, թե՞ ոչ:

«Վարույթն իրականացնող մարմնի որոշելու խնդիրն է․ որ տվյալը որ համարվում է հրապարակման ոչ ենթակա՝ նշանակում է նախաքննության գաղտնիքի հարց է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թաթոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG