Իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
ԱԱԾ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նաև ասվում է․ - «ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար»:
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլորին՝ «չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը»: