Մեղմ ասած` անմարդկային և թշնամական. ակտիվիստ Անդրանիկ Ասլանյանը բնութագրում է իրեն և Դավիթ Սանասարյանին բաժին հասած բռնությունները երեկ Ազատության հրապարակից Դավիթաշենի ոստիկանության զորքերի զորամաս տարվելու ճանապարհին։ Չներկայացած «կարմիրբերետավորները», ըստ Անդրանիկ Ասլանյանի, ոտքերով ու ձեռքերով հարվածել են իրենց մարմնի տարբեր մասերին, փորձել են ստորացնել։
«Հետո ընթացքում սկզբից խփում էին՝ առանց նառուչնիկ էինք, ձեռքերներս ոլորել, խփում էին, քֆուր էին տալիս, թքեցին Դավիթի վրա: Ինձ պառկացրել էր գետնին բատինկեն դեմ էր տվել բերանիս, բա՝ հըլը պաչի», - պատմեց ակտիվիստը:
Ըստ Անդրանիկ Ասլանյանի՝ իր, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի և ակտիվիստ Արթուր Սարգիսյանի հանդեպ բռնություններ են գործադրել ոստիկանական մեքենայի մեջ, իսկ Դավիթ Սանասարյանին շարունակել են ծեծել նաև մեքենայից իջնելուց հետո։
«Անմարդկային ձևով ծեծում էին բոլորիս: Մոտավորապես մի 15 անգամ երևի գլխիս եմ հարված ստացել բռունցքով ու շատ գազանավարի, խոշտանգում էր դա: Վերջում քարշ տալով ինձ հանեցին, գցեցին դուրս և կրունկով խփեցին գլխիս», - պատմեց Սանասարյանը:
Անդրանիկ Ասլանյանի խոսքով՝ Սանասարյանը կորցրել է գիտակցությունը, րոպեներ շարունակ անգիտակից պառկած է եղել հատակին։
«Բերեցին ջուր լցրեցին վրաս ու ծաղրում էին, որ սրանք վախից են էս օրը ընկել: Դա արդեն ներքին զորքերի սպորտային դահլիճում», - նշեց Դավիթ Սանասարյանը:
Ոստիկանական զորքերի զորամասից Սանասարյանն ու Ասլանյանը ավելի ուշ տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ հետազոտվել են: Սանասարյանը սալջարդներից և այտուցներից բացի, ուղեղի ցնցում է ստացել։ Անդրանիկ Ասլանյանը մարմնին բազմաթիվ կապտուկներ ունի, ճակատին՝ պատռվածք, այտուցված է նրա դեմքը․ - «Մինչև Դավիթաշենի էդ չաստը հասնելը մեզ ամբողջ ճանապարհին ծեծել են: Քացով գլխիս, մեջքիս: Խփում էին, ասում էի՝ պատասխան եք տալու խփելու համար, էլի էին խփում․․․»:
Ազատության հրապարակում հավաքված ակտիվիստները երեկ քննարկում էին՝ երթով շարժվե՞լ Խորենացի, թե՞ մնալ հրապարակում, երբ նրանց բերման են ենթարկել։ Անդրանիկը չգիտի, թե որն էր իրենց հանդեպ կիրառված բռնության պատճառը, բայց մտաբերում է համազգեստով ոստիկանների արտահայտությունները. - «Խփում էին, ասում էին՝ բա գիտեք խաղուպար ա՞, խաղուպարերը վերջացան, գլուխներդ ջարդելու ենք: Ձեր հովանավորները տենաս ովքեր են: Ձեր հովանավորների սենց ու նենցը: Ես էլ ասեցի, որ հովանավոր չունեմ, իմ հովանավորը Աստվածն ա»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Դավիթ Սանասարյանի, կիրակի օրը բռնության ենթարկված ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի և մի շարք այլ քաղաքացիների հաղորդումներով դիմել է Հատուկ քննչական ծառայություն։ «Ազատության» հետ զրույցում Թաթոյանը բռնությունների դեպքերն անվանեց մտահոգիչ և անթույլատրելի:
«Անթույլատրելի է, բա իհարկե: Այն ձևը, որով որոշ, երեկ նաև, բերման ենթարկման դեպքեր եղան, դա անթույլատրելի է: Ես կարծում եմ, որ դեպքեր կան, որ խախտումներ են, հստակ, և մենք այդ խախտումների կապակցությամբ մեր գնահատականները տալու ենք», - ասաց Թաթոյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից ակտիվիստների բռնությունների մասին պնդումների վերաբերյալ պարզաբանում չհաջողվեց ստանալ, բայց վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել:
«Որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանություն բերվածներին ծեծել են, նվաստացրել և այլն, և այլն: Եվ այս ամենը՝ առանց որևէ կոնկրետ փաստ, տվյալ, հասցե նշելու, անորոշ ակնարկներով, ինչ-որ տեսանյութերով, որոնց տեքստը չի լսվում նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում:
Ոստիկանության պետի հանձնարարությամբ մեզ փոքրիշատե հայտնի բոլոր դեպքերով նշանակվել են ծառայողական քննություններ», - հայտարարել է Աշոտ Ահարոնյանը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, ոստիկանությունը վերջին օրերին օրենքի կոպիտ խախտումներ է թույլ տվել․ - «Այս երեք օրը գործում է օրենքից դուրս ամբողջությամբ: Չկան հաղորդագրություններ, տվյալներ բերման ենթարկվածների մասին: Որևէ օրինական տեղեկատվություն չենք ստանում և միայն այս բռնություններն են»: