Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողներին փոխանցեց, որ իրեն այսօր հաջողվել է տեսնել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, սակայն նրան թույլ չեն տվել զրուցել Սեֆիլյանի հետ: ՔԿՀ-ում նրան կրկին չեն բացատրել՝ ինչու չի կարող խոսել Սեֆիլյանի հետ:
Փաշինյանի կարծիքով, Սեֆիլյանը ակնհայտ ինֆորմացիոն բլոկադայի մեջ է և չի տիրապետում տեղեկությունների, և կարելի է ենթադրել, որ նա հեռու է բանակցություններից:
«Լիարժեք բանակցությունների մեջ լինելու համար պետք է ինֆորմացիայի տիրապետել: Եթե նա ինֆորմացիայի չի տիրապետում, ինչպե՞ս կարող է գնահատել իրավիճակը», - ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» խմբի անդամները պահանջում են, ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Ոստիկանությունը հայտարարում է, որ բանակցում է նրանց հետ: Փաշինյանի պնդմամբ, սա քաղաքական լուծում պահանջող իրավիճակ է:
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հանդիպել «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ: Պատգամավորը փոխանցեց, որ նրանք իրենց լիարժեք զորակցությունն են հայտնել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին:
«Նրանք համարում են, որ տեղի ունեցածը ոչ թե պատճառ է, այլ հետևանք է տեղի ունեցող ապօրինությունների», - ասաց Փաշինյանը:
Պատգամավորի փոխանցմամբ, Շանթ Հարությունյանը շեշտել է, որ «Սասնա Ծռեր»-ում գտնվում են առնվազն երկու հոգի, ում հարազատները նախկինում քաղաքական կամ քաղաքական մոտիվացիա ունեցող գործերով դատապարտվել են: Նրանք են՝ Արեգ Կյուրեղյանը՝ դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի եղբայրը, և «Նոյեմբերի 5»-ի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանի եղբայրը։