Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն չի արձագանքում ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը


Երկրորդ օրն է՝ իշխող Հանրապետականի ներկայացուցիչները չեն արձագանքում Երևանում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների կողմից ոստիկանության կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավմանը:

Ազգային ժողովի հանրապետական երկու փոխնախագահները, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, քարտուղարը, խորհրդարանի հանձնաժողովների հանրապետական ղեկավարները կա՛մ հրաժարվում են արձագանքել, կա՛մ չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Փոխարենը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը բավականին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ իշխող կոալիցիայի մյուս անդամի՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչը՝ Կիրո Մանոյանը, նշելով, որ երկրում փոփոխությունների բացակայությունն է նաև պատճառը, որ մարդիկ դիմել են նման ծայրահեղ քայլի:

«Ճիշտ է, որ կա հասարակության մեջ դժգոհություն, բայց նաև հասարակության արձագանքից պարզ է, որ հասարակությունը չի կիսում այս ձևով հարցեր լուծելու մոտեցումը: Մյուս կողմից, անհրաժեշտ է, որ հասարակությունը ընդհանուր առմամբ կազմակերպված լինի, որպեսզի իսկապես կարողանա ազդել, երկրում փոփոխություններ իրականացնել, որպեսզի նաև մարդիկ այսպես ծայրահեղական միջոցների դիմելու մասին չմտածեն», - հավելեց դաշնակցական գործիչը:

Դաշնակցությունը անընդունելի է համարում երկրում փոփոխությունների հասնելու նպատակով ոստիկանության գնդի տարածքի գրավելը:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի խոսքով, քանի դեռ իրավիճակը զգայուն է, գնահատականներ տալու ժամանակը չէ:

«Հիմա պետք է հուսալ, որ այս իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա: Մենք կոչ ենք անում, որ և՛ իշխանությունը, և՛ խումբը, որ այժմ իր վերահսկողության տակ է պահում ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը, ցուցաբերեն մաքսիմալ զսպվածություն, ամեն ինչ անեն՝ բանակցություններով, փոխադարձ համաձայնությամբ այս կնճիռը, այս լուրջ ճգնաժամը կարգավորելու», - հավելեց նա:

Մուսինյանը ընդգծեց՝ Հայ ազգային կոնգրեսի սկզբունքն է՝ զերծ մնալ բռնությունների կիրառումից: ՀԱԿ-ի խոսնակը նաև տեղեկացրեց՝ իրավիճակի առնչությամբ այլ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ չեն անցկացրել:

«Ազատության» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ պատանդ վերցնելով հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել․ - «Ես հասկանում եմ, որ մեր երկրում այսօր կա արդարության լրջագույն ճգնաժամ, ես հասկանում եմ, որ մեր երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունն այլևս օրհասական է, ես հասկանում եմ, որ բազմաթիվ պաշտոնյաների տեղը այսօր կալանավայրն է, և դա այդպես է, բայց չի կարելի քո հայրենակցին պատանդ վերցնելով, հեղաշրջման կոչեր անելով՝ փորձել արդար օրակարգ հաստատել»:

Հայտարարությամբ է հանդես եկել «Համախմբում» կուսակցությունը: Համոզմունք հայտնելով, որ տեղի ունեցածի պատճառը երկրում ստեղծված մթնոլորտն է, տարիների ընթացքում կուտակված ու լուծում չստացող լրջագույն խնդիրները, քաղաքական մենաշնորհը, և որ երկրում հասունացած է խորքային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած ուժը կոչ է անում կողմերին բացառել իրավիճակի ուժային լուծումը և առաջարկում է ստեղծել տարբեր քաղաքական ուժերից կազմված խումբ, որի վրա կդրվի լիազորություն՝ բանակցելու երկու կողմերի հետ՝ հարցին քաղաքական ու անարյուն լուծում տալու նպատակով։

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով, ստեղծված իրավիճակը վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունը խորը ճգնաժամի մեջ է․ - «Ճիշտ է, սա ծայրահեղ միջոց է, բայց փաստորեն մենք հասել ենք այն կետին, որ այսպիսի ծայրահեղ միջոցով մենք մատնանշում ենք խնդիրները: Իսկ լուծումը նաև պահանջների մեջ է, որը նրանք ներկայացրել են: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն՝ անցումային, որը պետք է սպասարկի օրինական իշխանության ձևավորման հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG