Այսօր ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակումից հետո Հայաստանի տարբեր բնակավայրերում իրավապահները բերման են ենթարկել տասնյակ քաղաքացիների։
Ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ բերման ենթարկված քաղաքացիները օրենքի սահմաններում են տարվել ոստիկանություն և սահմանված կարգով ազատ կարձակվեն։ Բարձրաստիճան ոստիկանը, սակայն, թիվ չնշեց։
Մայրաքաղաքի Ազատության հրապարակում բերման ենթարկվածների շարքում է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով բերման ենթարկվելուց րոպեներ առաջ «Ազատության»-ը հեռախոսով փորձում էր տեղեկացնել ոստիկանների այս գործողությունների մասին: Այդ պահին Ազատության հրապարակում գտնվողները պատմում են, թե ոստիկաններն ինչպես էին քարշ տալով մեքենաները խցկում հրապարակում զբոսնող քաղաքացիներին։
Բերման են ենթարկվել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի նախկին անդամներ Գագիկ Սարուխանյանը, Նորայր Ավետիսյանը, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ Բերման ենթարկվածների հարազատներն արդեն ահազանգում են, որ նրանք ժամեր շարունակ պահվում են ոստիկանական բաժանմունքներում։
Բանտում գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ այսօր առավոտյան ժամը 9-ին իրավապահները այցելել են Պտղունք գյուղում գտնվող իրենց տուն և ոստիկանության Վաղարշապատի բաժին տարել որդուն՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի նախկին անդամ Նորայր Ավետիսյանին։ Մարգարիտա Բաղրամյանը պնդում է, որ ոստիկանությունը որևէ փաստաթուղթ, որևէ հիմնավորում չի ներկայացրել՝ որդուն ոստիկանական բաժանմունք տանելու համար։
Նրա խոսքով, որդին արդեն ամիսներ շարունակ կապ չունի ապօրին զենքի շրջանառության Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած կառույցի հետ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, այսօր առավոտից ոստիկանության Վանաձորի բաժին բերման են ենթարկվել 8 քաղաքացիներ։ Նրանց թվում է, արդեն ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարան»-ի նախկին անդամ Հովհաննես Ղազարյանը։
«Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ ոստիկանության աշխատակիցները եկել են իր տուն, առաջարկել գնալ բաժին։ Նա պահանջել է որևէ փաստաթուղթ ցույց տալ՝ իրեն բաժին տանելու համար։
Ոստիկանությունում նա փորձել է պարզել, թե ինչու են իրեն բաժին բերել այն դեպքում, երբ ամիսներ առաջ է դուրս եկել «Հիմնադիր խորհրդարան»-ից։ Հետո նրան ազատ են արձակել, ըստ նրա՝ երբ պարզել են, որ Ղազարյանը վաղուց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ չէ։
Գյումրիում մի շարք քաղաքացիների հետ ոստիկանություն էր տարվել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ կապ չունեցող, «Ասպարեզ» լրագրողական ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նրա խոսքով, ոստիկաններն իրեն բաժին են տարել Երևան տանող ճանապարհի՝ Ագարակ գյուղի խաչմերուկից՝ զենք-զինամթերք տեղափոխելու կասկածանքով։
Բարսեղյանին, իր խոսքով՝ ուժի կիրառմամբ, նստեցրել են իր իսկ մեքենան և բերման ենթարկել նախ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, այնուհետև՝ Գյումրիի ոստիկանության Կումայրի բաժին։ Այստեղ Լևոն Բարսեղյանի մեքենան խուզարկել են, կազմվել է արձանագրություն, որևէ զենք չի հայտնաբերվել և 16։00-ի մոտ նրան ազատ են արձակել:
«Ես ինչքան հասկացա իրանց նպատակը ինձ այդտեղից հեռացնելն էր: Վարչությունից բերեցին ստեղ՝ Կումայրու քաղմաս, սկսեցին արձանագրել՝ բերման ենթարկելու արձանագրություն, խուզարկություն և մեքենայի զննում անցկացրեցին, արձանագրեցին, որ որևէ պայթուցիկ նյութ, զենք, զինամթերք չեն հայտնաբերել ու ժամը 4-ին ազատ արձակեցին», - ասաց Բարսեղյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ՝ ոստիկանությունը ապօրինի է բերման ենթարկել քաղաքացիներին՝ թույլ չտալով անգամ փաստաբանական օգնություն ստանալ։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ ոստիկանությունն արգելել է փաստաբաններին Վանաձորի բաժին բերման ենթարկված քաղաքացիներին այցելել:
«Դա ակնհայտ հրահանգ է, որ տրվել է ոստիկանության պետի կամ նրա տեղակալների կողմից», - ասաց Սաքունցը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անդրադարձել է այսօր ոստիկանության կողմից բերման ենթարկելու գործողություններին՝ նշելով, թե «Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները»: