«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Դավիթ Սանսարյանը, Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Հովհաննիսյանը բերման են ենթարկվել Էջմիածնի ոստիկանություն: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Դավիթ Սանասարյանը:
Րոպեներ անց Երևանի Ազատության հրապարակից բերման են ենթարկվել նաև «Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը և մի խումբ տարեց քաղաքացիներ:
Ոստիկանությունը այսօր տասնյակ ընդդիմադիրների է բերման ենթարկել այն բանից հետո, երբ մի խումբ զինված անձինք գրավել էին Երևանի Էրեբունի համայնքում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, պատանդ վերցրել ոստիկանների, իսկ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ իրենք ապստամբություն են սկսել:
Այսօր ավելի վաղ բերման էին ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի մի շարք անդամներ, ընդդիմադիր ակտիվիստներ:
«Ազատության» հետ զրույցում ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը մայրը ևս պնդեց, որ որդուն բերման են ենթարկել, և առավոտից նրա մասին տեղեկություն չունի:
Ոստիկանությունից հրաժարվեցին մանրամասնել, թե այսօր քանի ընդդիմադիր է բերման ենթարկվել և ինչու` սահմանափակվելով միայն՝ «հետևեք պաշտոնական լրահոսին» նախադասությամբ: