Մատչելիության հղումներ

ԼՂ քաղաքական գործիչները տարածքներ հանձնելուն կտրականապես դեմ են


Պաշտոնական Ստեփանակերտը նման առաջարկի մասին տեղյակ չէ

ԼՂ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը պնդում է, որ Ղարաբաղի ներկա տարածքն ամբողջությամբ հայկական է և իրենք պատրաստ չեն որևէ տարածք զիջել: Նա վստահ է, որ խնդրի լուծման համար պետք է ուժեղ պետություն կառուցել և պահպանել սահմանները։

«Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, միջնորդների՝ հավասարության նշան դնելու հանգամանքը մեզ հուշում են, որ հուսալ, որ վերջիվերջո վաղը չէ մյուս օրը պայմանագիր կստորագրվի և հարցի լուծում կտրվի... այսինքն՝ ես չեմ հավատում, չեմ պատկերացնում: Ես էլի եմ ասում՝ հարցը մեր ձևով արդեն լուծում է ստացել, և մենք պարտավոր ենք հաստատուն մնալ ու պահպանել մեր սահմանները», - «Ազատության» հետ զրույցում նշեց Բալայանը:

Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն էլ վստահ է, որ իրենց քաղաքական գործիչներից ոչ ոք «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» տարբերակին կողմ չէ, քանի որ դա կվտանգի Ղարաբաղի գոյությունը․ - «Վերջին տարիների միջազգային իրադարձությունները ցույց են տալիս, որ թղթի վրա ամրագրված որևէ միջազգային երաշխիք չի գործում: Ադրբեջանի վարքագիծը ցույց է տվել, որ այս հակամարտության մեջ մենք ունենք մի եղանակ՝ պետք է ապահովենք ուժերի բալանս, պաշտպանողական զենք ձեռք բերենք և պատրաստ լինենք պատերազմի: Սա հարցի լուծման միակ տարբերակն է, որովհետև Ադրբեջանն ինքը պատրաստ չէ փոխզիջումներով հարցի լուծման»:

Պաշտոնական Ստեփանակերտը նման առաջարկի մասին տեղյակ չէ, «Ազատության» հետ զրույցում ասաց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Նրա կարծիքով դրանք ընդամենը խոսակցություններ են: Նման հարցեր քննարկելու համար, նրա խոսքով, պետք է վերականգնվի բանակցային ձևաչափը և Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Այլ դեպքում, եթե Ղարաբաղը որոշման ընդունմանը չմասնակցի, ապա այն չի կարող կատարել։

«Այսպիսի առաջարկ չկա, այսպիսի փաթեթ պաշտոնական Ստեփանակերտին չի ներկայացվել: Հիմա ինչի՞ մասին մենք կարող ենք խոսել, սկսենք երևակայե՞լ: Բայց ինչո՞ւ պետք է այս տարբերակը երևակայենք, ոչ թե ինչ-որ այլ տարբերակ», - հարցնում է Բաբայանը:

Բաբայանը շեշտեց, որ երբ պաշտոնական առաջարկ լինի, այդ ժամանակ էլ կքննարկեն հարցը, բայց մի բան ըստ նրա հաստատ է՝ Ղարաբաղը ոչ կարգավիճակի, ոչ էլ սահմանների առումով անցյալին չի վերադառնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG