Մատչելիության հղումներ

ՊԲ․ Աղդամի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձ է կանխվել


Լեռնային Ղարաբաղի սահմաններում գիշերն անհանգիստ է անցել, հատկապես լարված է եղել Աղդամի (Ակնա) ուղղությունը:

ԼՂ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները, ասված է հաղորդագրությունում:

Պաշտոնական Բաքուն այսօր առավոտյան հայտարարեց, որ Աղդամի ուղղությամբ մեկ զոհ ունի: Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որում ասվում է, որ հայկական կողմի դիպուկահարի արձակած գնդակից զոհվել է ավագ լեյտենանտ Մամեդով Թողրուլ Սայադ օղլին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմը այս կերպ փորձում է սրել իրավիճակը սահմանին:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ «բանակը պատասխանատվություն չի կրում այն հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ հայկական կողմի պաշտպանական և կանխարգելիչ գործողությունների ժամանակ»:

Այսօր առավոտյան Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում են անցկացրել ԵԱՀԿ դիտորդները: Դիտարկումը կատարվել է Հադրութի ուղղությամբ, Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտորդները կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG