Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, շնորհավորական ուղերձ հղել Ֆրանսուա Օլանդին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, շնորհավորել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ուրախ է տոնի առիթով ևս մեկ անգամ կրկնելու՝ Հայաստանը հպարտ է բարեկամ Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով: Նա միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում կարևորել ու բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատանքը և դիվանագիտական ներկայացուցչությանը մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:

Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի, բարեմաղթանքների, ինչպես նաև դեսպանության գործունեությանը տված բարձր գնահատականի համար և նշել, որ իր ու դեսպանության բոլոր աշխատակիցների համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ամենօրյա աշխատանքով ավելի խորացնել երկու երկրների դարավոր բարեկամությունը, որը, դեսպանի համոզմամբ, մշտական հոգածություն է պահանջում:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Մեր երկու բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահության մթնոլորտը կայուն հիմք են հայ - ֆրանսիական հարաբերությունների հետագա համակողմանի զարգացման և խորացման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասված է ուղերձում:

«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական հետևողականությունը Հայոց ցեղասպանության ժխտումն օրենքի ուժով դատապարտելու հարցում, ինչը մեկ անգամ ևս ընդգծում է Ֆրանսիայի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին։ Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ համատեղ ներգրավվածությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության», - Օլանդին գրել է Սարգսյանը՝ ֆրանսիացի պաշտոնակցին մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG