Մատչելիության հղումներ

Քոքոբելյան․ «Հարկային օրենսգրքի նախագիծը պետք է հանվի շրջանառությունից»


Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունում է հարկային նոր օրենսգիրքը, 15-ը հունիսի, 2016թ․
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունում է հարկային նոր օրենսգիրքը, 15-ը հունիսի, 2016թ․

Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանում ընթացող քննարկումներն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե սեպտեմբերին երկրորդ ընթերցման ներկայացվելիք փաստաթուղթն արմատական փոփոխությունների ենթարկվի, «Ազատության» հետ զրույցում ասաց այդ քննարկումներին մասնակցած պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Արձակուրդի պատճառով քննարկումներն այս պահին ընդհատվել են, սակայն պատգամավորը հույս ունի, որ վերականգնելու դեպքում դրանք ավելի կոնկրետ, հասցեական և նպատակային կդառնան:

«Առանցքային կարևորագույն դրույթներ կան, որոնք հստակ բարձրացում են տանում բեռի և ոչինչ չեն տալիս: Այսինքն՝ քննարկումները պիտի առնվազն իմաստավորվեն այն դեպքում, երբ որ այդ քննարկումների արդյունքում հնարավորություն լինի այդ առանցքային դրույթները փոփոխել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոքոբելյանը:

Պատգամավորը վստահ է՝ նախագիծը բացասաբար կազդի երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա և ցավով է արձանագրում, որ խնդրահարույց փաստաթղթի քննարկումներին օրենսդիրներից, այդ թվում ընդդիմադիր պատգամավորներից, քչերն են մասնակցել:

«Ընդհանրապես, կարծում եմ, որ այդ հարկային օրենսգրքի նախագիծը պետք է հանվի շրջանառությունից», - ասում է Քոքոբելյանը:

Մասնագետները պնդում են՝ նախագծով ծանրանում է մարդկանց հարկային բեռը: Մասնավորապես՝ 2-7 տոկոսով ավելանում է միջին խավի եկամտահարկի դրույքաչափը, լուրջ խնդիրներ են ստեղծվում փոքր և միջին բիզնեսով զբաղվող գործարարների համար, քանի որ շրջանառության հարկի շեմը իջեցվում է մինչև 40 միլիոն դրամ: Փաստաթղթի դեմ հատկապես ընդվզում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, բիզնես ասոցիացիների ներկայացուցիչները:

Հաշվապահ Մանե Թանդիլյանը կարծում է՝ խորհրդարանական քննարկումները գուցե ինչ-որ բան փոխեն, միևնույն ժամանակ հիշեցնում է, որ նախքան խորհրդարան մտնելը նախագծի շուրջ ևս մասնագիտական քննարկումներ եղել են, սակայն արդյունքում սեղանին դրվեց լրիվ այլ փաստաթուղթ:

Թանդիլյանի կարծիքով՝ խնդիրը լուծում կստանա, երբ հասարակությունը նորից փողոց դուրս գա․ - «Այսինքն՝ կախված ընդվզման չափից և շեշտադրումներից, բերում են լավ, վատ, ավելի վատ օրենքներ»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրերս իր առաջարկություններն էր արել փաստաթղթի վերաբերյալ ու եզրակացրել․ - «Նախագիծը զերծ չէ թերություններից և ենթակա է շարունակական կատարելագործման»:

Օմբուդսմենը իր հայտարարության մեջ ընդգծել է, որ «նախագիծը չունի հանրային ու մասնագիտական դրական ընկալման և իրավաչափության անհրաժեշտ մակարդակ»:

Թվարկելով եկամտահարկի դրույքաչափերի, շրջանառության հարկի շեմի, շահութահարկի դրույթները՝ պաշտպանը ընդգծում է նաև, որ «այն կարող է բացասական անդրադառնալ հարկ վճարողների իրավունքների պաշտպանության վրա»:

«Նախագծով առաջարկվող տարբերակն, ըստ էության, հետընթաց է թե՛ գործող կարգավորումների, թե՛ մինչև 2014թ․ գործող օրենսդրության համատեքստում», - կարծիք է հայտնել օմբուդսմենը:

Օրինագծին ընդդիմացող Մանե Թանդիլյանը վստահ է՝ 700 էջանոց փաստաթուղթը շատերը չեն կարդացել և առայժմ բարձրաձայնվում են հիմնականում մամուլում քննարկվող հարցերը, մինչդեռ մտահոգիչ դրույթները բազմաթիվ են: Հաշվապահ Թանդիլյանի կարծիքով՝ կառավարությունն առհասարակ խորքային վերլուծության չի ենթարկել տնտեսության զարգացման հիմքը հանդիսացող օրենսգիրքը և հերթական անգամ մշակել է մի փաստաթուղթ, որը նորից հարվածում է միջին խավին՝ «այն մարդկանց, ովքեր թափանցիկ եկամուտներ են ստանում, իրենց հույսը բացառապես իրենց աշխատավարձն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG