Ռուս-ադրբեջանական բանակցությունները Բաքվում երկու երկրների արտգործնախարարները դրական են որակել: Ավելին՝ և՛ Բաքուն, և՛ Մոսկվան, ի դեմս արտաքին գերատեսչությունների ղեկավարների, այսօր հայտարարել են, որ ղարաբաղյան գործընթացը շարժվում է առաջ և խաղաղ կարգավորման հեռանկարներն ուրվագծվում են:
Մանրամասները, իհարկե, առայժմ չեն հրապարակվում, սակայն Ադրբեջանի արտգործնախարարն ակնարկել է, թե դժվար չէ հասկանալ, թե ինչ է դրված բանակցային սեղանին․ բավական է վերլուծել վերջին շրջանի հայտարարությունները:
Լավրովը նույնպես հրաժարվել է բարձրաձայնել Սանկտ Պետերբուրգում հունիսին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների մանրամասները․ - «Հասկանալի պատճառներով մենք հրապարակավ չենք մանրամասնում այն գաղափարները, որոնք քննարկվել են պետերբուրգյան հանդիպման ժամանակ: Երեք երկրների առաջնորդները հատուկ պայմանավորվել են, որ զգուշավորությամբ կվերաբերվեն ի հայտ եկող հույսի ծիլերին: Ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ բան թաքցնում ենք, պարզապես սա նորմա է բանակցությունների ժամանակ»:
«Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են կոնկրետ քայլեր, որոնք պետք է և կարող են բերել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը», - հայտարարել է նա:
Իր հերթին, Էլմար Մամեդյարովն ասել է․ - «Բանակցային գործընթացի ակտիվացումը թույլ կտա հանգուցալուծել այս ձգձգված հակամարտությունը»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպմանը, դրա վայրն ու ժամկետները հայտնի կդառնան այն բանից հետո, երբ Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նախագահին կզեկուցի Երևանում և Բաքվում անցկացրած բանակցությունների մասին: Ընդ որում, այս մասին հայտարարել է ոչ թե Լավրովը, այլ Մամեդյարովը՝ հավելելով, թե ադրբեջանական կողմի համար որևէ նշանակություն չունի, թե որտեղ կկայանա նախագահների հաջորդ հանդիպումը՝ Ֆրանսիայում թե մեկ այլ երկրում․ - «Կարևորն այն է, որ այդ բանակցություններն արդյունավետ լինեն»:
Հիշեցնենք, որ պաշտոնական Փարիզը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ:
Ռուսաստանի արտգործնախարարն այսօր համատեղ ասուլիսում շեշտել է նաև, որ Ալիևի հետ հանդիպումը «թույլ կտա առաջ մղել Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված գաղափարները»:
Լավրովի այցը Բաքու նրա երևանյան այցի շարունակությունն էր, և այս կապակցությամբ Մամեդյարովը նկատել է․ - «Այն տեղեկատվությունը, որը ներկայացրել է Սերգեյ Լավրովը, դրական լիցքեր է ներշնչում»:
Ասուլիսին Մամեդյարովը ասել է նաև, թե հակամարտության կարգավորման ճանապարհով պետք է առաջանալ «փուլ առ փուլ՝ մինչև բանակցային սեղանին այլևս չմնան չհամաձայնեցված հարցեր»:
Այս հայտարարությանն արդեն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ասելով, որ բանակցությունները «մշտապես ընթացել և ընթանում են ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների փուլային իրականացմամբ»․ - «Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքի իրացումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից՝ այսպիսով վերացնի կարգավորման ճանապարհին առկա խոչընդոտը»:
Համատեղ ասուլիսում երկու արտգործնախարարները խոսել են նաև Ադրբեջան - Իրան - Ռուսաստան համագործակցության մասին՝ հայտնելով, որ առաջիկայում նախատեսված է այդ երկրների նախագահների հանդիպումը: