Իր քաղաքական ծրագրերին վերաբերող հարցին, թե՝ արդյոք վերջին ամիսների լռությանը նշանակում է, որ հրաժարվել է դրանցից կամ պարզապես որոշ ժամանակով դադար է վերցրել, Աբրահամյանը պատասխանեց․ - «Ես ունեի առողջական խնդիր, գտնվում էի Միացյալ Նահանգներում: Միաժամանակ, իհարկե, աշխատում էի: Ինձ մի քանի ամիս ժամանակ է պետք, որպեսզի վերջացնեմ իմ բուժումը: Ես մինչև սեպտեմբերի կեսը լինելու եմ Միացյալ Նահանգներում, զբաղվելու եմ իմ անձնական գործով, միաժամանակ՝ մեր շարժման խնդիրներով: Որից հետո ես կվերադառնամ իմ առօրյա կյանքին: Ես մտածում եմ համապատասխան նոր մեխանիզմների մասին, որպեսզի մասնակցեմ ընտրություններին: Ես դա չեմ թաքցնում»:
Դիտարկմանը, թե ինքը միշտ հայտարարում է, որ համագործակցելու է հայաստանյան իշխանությունների հետ, իսկ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պարագայում փաստորեն մրցակցելու է իշխող Հանրապետականի հետ, Աբրահամյանն արձագանքեց․ - «Դա նոր իրողություն ա, դա խնդիրներից մեկն ա, երբ որ ասում են՝ վստահություն չկա: Որովհետև մենք չունենք գաղափարախոսություն: Այսօր մենք պետք է բաժանենք պետական շահը կորպորատիվ շահերից, կուսակցական շահերից: Դա այն կարևոր խնդիրներից մեկն է, որով այսօր ընդհանրապես չեն զբաղվում: Եթե մեկը մյուսի հետ չի, ուրեմն նրա թշնամին ա: Ոչ, մենք թշնամի չենք: Ես շատ հարգանքով եմ վերաբերվում այսօրվա իշխանություններին, ես չեմ կարող իրանց հետ չհամագործակցել»:
Հարցին, թե արդյոք Ռուսաստանն ունի մեխանիզմներ Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, և արդյոք Հայաստանը կարող է դիմադրել, Աբրահամյանը պատասխանեց․ - «Իհարկե ունի․․․ Իսկ դիմադրել մեզ պետք չի, մենք պետք է ժամանակի խնդիրները դնենք: Ես համոզված եմ, որ Ռուսաստանը մեր բարեկամն ա, որ Ռուսաստանը մեր քաղաքական պարտյնորն ա»:
Դիտարկմանը, թե թերևս այսօր Ադրբեջանը Ռուսաստանին ավելի շատ է պետք, Ռուսաստանի հայերի միության նախագահն արձագանքեց․ - «Շատ ու քիչը չի խնդիրը․․․ Մենք պետք ա ճիշտ ձևով հարցերը դնենք: Եթե շատ ա պետք, թող մեզ բաց թողեն: Բաց թողեն, մենք էլ տեսնենք, թե ում ենք շատ պետք, կգնանք իրա մոտ: Եթե մենք իրանց պետք չենք»: