Մատչելիության հղումներ

Կրտսեր Խաչատուրովի անունը մի շարք սկանդալների հետ է կապվում․ իրավապաշտպան


Գրիգորի Խաչատուրով, արխիվ
Գրիգորի Խաչատուրով, արխիվ

Դեռ 2010-ին Գրիշա Խաչատուրովը հեռացել էր Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրամանատարի պաշտոնից, այնուհետև վերականգնվել ծառայության:

Նախագահ Սարգսյանի երեկվա հրամանագրերով Զինված ուժերում միանգամից 6 առանցքային պաշտոններում նոր նշանակումներից իրավապաշտպան Արթուր Սաքունցի ուշադրությունը գրավել է հատկապես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի որդի Գրիգորի Խաչատուրովի պաշտոնի բարձրացումը։

3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ կրտսեր Խաչատուրովը նշանակվել է նույն կորպուսի հրամանատար։ Իրավապաշտպանը հիշեցնում է՝ կրտսեր Խաչատուրովի անունը մի շարք սկանդալների հետ է կապվում։

«Դա հայտնի այն 12 ընկերների թիմն էր, որոնց կազմը պարբերաբար հայտնվում է տարբեր չարաշահումների, խախտումների, քրեորեն հետապնդելի արարք հանդիսացող գործողություններում, բայց մշտապես, ունենալով բարձր հովանավորություն՝ հանձին Գլխավոր շտաբի պետ Գրիշա Խաչատուրովի, նրանք շարունակում են իրենց ծառայությունը», - ասաց Արթուր Սաքունցը:

Դեռ 2010 թվականին Գրիշա Խաչատուրովը հեռացել էր Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրամանատարի պաշտոնից, ինչից անմիջապես հետո այդ զորամասում ի հայտ էին եկել սպաների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր, հարուցվել էր քրեական գործ, որն ավելի ուշ կարճվել էր «գործուն զղջման» հիմքով։ Իսկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրտսեր Խաչատուրովը չէր թաքցրել՝ այդ քերական գործով անցնող իր նախկին ենթակա «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանն ու ինքը մանկության ընկերներ էին։

Արթուր Սաքունցը պնդում է՝ սկանդալային անցյալով այս զինվորականին չէր կարող վստահվել ամենակարևոր բանակային կորպուսներից մեկի հրամանատարությունը առանց հովանավորչության։

«Մի պահ եղավ, որ նույնիսկ հեռացվեց Գրիգորի Խաչատուրովը, բայց հետո նորից, երևի թե հովանավորությամբ, նա նորից վերականգնվեց ծառայության: Հայր-որդի այս ընտանեկան, կլանային մոտեցումը պաշտոնների նշանակման ու առաջխաղացման մեջ հակասություններ են, որոնք օրինաչափություն են Հայաստանում», - ընդգծեց իրավապաշտպանը:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել կրտսեր Խաչատուրովին ուղղված քննադատությունը՝ նշելով, թե «զինվորականի համար գերագույն գլխավոր հրամանատարի նշանակումները և որոշումները քննարկման ենթակա չեն»։

Գրիշա Խաչատուրովի՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակումից բացի Սերժ Սարգսյանի հրամանագրերով նոր հրամանատարներ են նշանակվել նաև 2-րդ և 4-րդ կորպուսներում: Բացի այդ՝ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։

Իրավապաշտպան Սաքունցը դժվարանում է ասել՝ արդյոք այս վերադասավորումները լուծելու են ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության ոլորտում ի հայտ եկած խնդիրներն ու մարտահրավերները։

«Բայց արդյոք այս նշանակումները, մինչ այդ աշխատանքից հեռացումները դրանք այն համարժեք քայլերն են, որոնք պետք էր ակնկալել, դժվարանում եմ ասել, որովհետև նախ՝ մենք բացարձակապես տեղյակ չենք, թե այդ մարդիկ, որոնք նշանակվել են, ինչպես են ծառայել, որովհետև հենց այն կորպուսներում, որտեղ իրենք ղեկավարել են, զինծառայողների իրավունքների խախտումները շարունակվում են, և կոռուպցիոն հանցագործություններն էլ են շարունակվում»:

Ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ ուժային կառույցներում վերադասավորումները դժվար է անվանել ապրիլյան պատերազմին հաջորդած բարեփոխում, քանի որ բարեփոխումը շատ ավելի երկարաժամկետ և լայնածավալ գործողություններ է ենթադրում։

«Բոլոր այդ նշանակումները, կարելի է ասել, ավելի շատ խրախուսանք էր: Բոլոր այդ մարդիկ ստացան ավելի լուրջ ու պատասխանատու պաշտոններ», - ասաց Մինասյանը:

Օգտվելով հրադադարից՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է կարդային ու կազմակերպչական որոշ փոփոխություններ անել բանակում, որոնք սահմանային նոր լարումների դեպքում պետք է օգտակար լինեն, ասում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը, ով, ի տարբերություն իրավապաշտպանի, դրական է արձագանքում նոր նշանակումներին՝ հիշեցնելով նաև շաբաթներ առաջ տեղի ունեցած պաշտպանական ոլորտի բարձրաստիճան գործիչների պաշտոնանկությունները։

«Առնվազն 3-րդ ու 4-րդ բանակային կորպուսների նախկին հրամանատարները հանդիսանում են և համարվում են Հայաստանի ԶՈւ ամենալավ գեներալներից կամ կորպուսների հրամանատարներից, և պատահական չէ, որ մեկը գնաց Գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ մյուսը միացյալ հայ-ռուսական այդ զորախմբի հրամանատար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG