Մատչելիության հղումներ

ԵՏՄ նախարարը արագ լուծում չի տեսնում հայ գործարարների բարձրացրած խնդրի համար


Թիմուր Սուլեյմենովը (ձ), Արծվիկ Մինասյանը (կ) և Արսեն Ղազարյանը Ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի նիստում: 8-ը հուլիսի, 2016 թ․
Թիմուր Սուլեյմենովը (ձ), Արծվիկ Մինասյանը (կ) և Արսեն Ղազարյանը Ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի նիստում: 8-ը հուլիսի, 2016 թ․

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելուց մեկուկես տարի անց էլ հայաստանյան գործարարները շարունակում են դժգոհել միությունում իրենց առջև ծառացած խոչընդոտներից:

Մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդրից: Ի պատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Թիմուր Սուլեյմենովն այսօր Երևանում հայտարարեց՝ այդ խնդրի արագ լուծում պետք չէ սպասել:

Գործող կարգի համաձայն, Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանում իրականացնելիս հայաստանցի գործարարը պետք է համապատասխան փաստաթուղթ ստանա տվյալ երկրից, որ այնտեղ հայաստանյան ապրանքը վաճառողը վճարել է ավելացված արժեքի հարկը: Եթե արտահանում իրականացնելիս 180 օր անց հայաստանցի գործարարը չի ստանում ու այստեղի հարկային մարմին չի ներկայացնում այդ փաստաթուղթը, ապա պարտավոր է Հայաստանի հարկային մարմնին վճարել ավելացված արժեքի հարկ: Գործնականում այդ փաստաթղթի ստացումը հաճախ ձգձգվում է, և հայաստանցի գործարարները տուժում են:

«ԱԱՀ հետ կապված հարցը լուրջ հարց է, որը Հայաստանի կառավարությունը բազմիցս է բարձրացրել, որովհետև Հայաստանը ընդհանուր սահման չունի ԵՏՄ հետ, ինչը թույլ կտար ԱԱՀ վճարման հետը կապված որոշ հարցեր դյուրացնել: Ուսումնասիրում ենք այդ հարցը, բայց այն դժվար է լուծել, որովհետև ԵՏՄ այլ անդամ-երկրները ընտելացել են իրենց մոտ գոյություն ունեցող մեխանիզմներին և ԱԱՀ-ի գանձումը իրականացնում են այն մեխանիզմներով, որոնք ամրագրված են [ԵՏՄ] պայմանագրում: Ուստի, բավականին դժվար է բացառություններ անելը: Պետք չէ ծրագրել, որ այս հարցը շուտափույթ լուծում կստանա: Կոչ եմ անում հայաստանցի գործարարներին ավելի մանրամասն ուսումնասիրել, թե ինչպես է գործում առկա մեխանիզմը», - ասաց Թիմուր Սուլեյմենովը:

Այսօր Երևանում տեղի ունեցավ Ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի հերթական նիստը: Սուլեյմենովն այդ առիթով է Հայաստանում:

Նիստին ներկա էր նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով լրագրողների հետ զրուցում չթաքցրեց իր դժգոհությունը՝ ԱԱՀ ստացման մեխանիզմը շատ բարդ է, լուրջ խոչընդոտներ է ստեղծում գործարարների համար, և ամիսներ են անցնում, մինչև ստացվում են անհրաժեշտ փաստաթղթերը․ - «Եթե որոշումները պետք է կայացվեն և արագ չիրականացվեն, դա բիզնեսի մոտ կառաջացնի նեգատիվ մոտեցումներ տնտեսական զարգացումների առումով: Բայց ես հույս ունեմ, որ ակտիվ աշխատանքի պայմաններում, իսկ այսօրվա հենց քննարկումն էլ դրա արդյունքն է, մենք Եվրասիական տնտեսության միության մեխանիզմների էֆեկտիվության աստիճանը կբարձրացնենք»:

Էկոնոմիկայի նախարար․ Ռուսաստանում անօրինական գործողություններ են ձեռնարկվում հայ փոխադրողների նկատմամբ

Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց առաջ հատկապես Հայաստանի իշխանություններից հաճախ կարելի էր լսել, որ ԵՏՄ-ն նոր հնարավորություններ կբացի հայաստանցի գործարարաների համար, ռուսական շուկա մուտքը կդառնա ավելի դյուրին, և սա նաև ասվում էր ուղիղ իմաստով՝ Ռուսաստանի սահմանը հատելիս:

Սակայն ժամանակ առ ժամանակ կարելի է հանդիպել հրապարակումների, որոնց համաձայն վրաց-ռուսական սահմանը հատելիս հայաստանցի գործարարներից, բեռնափոխադրում իրականացնողներից ռուսաստանցի տարբեր պաշտոնյաներ ապօրինի գումարներ են գանձում:

Այսօր այս հարցին անդրադարձավ նաև էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ հայտարարելով, որ «հաճախ անօրինական գործողություններ են ձեռնարկվում հայ փոխադրողների նկատմամբ»․ - «Այն, ինչ կապված է ռուսական առանձին հատվածներում այդպիսի երևույթների կամ դրսևորումների հետ, ես, որպես Էկոնոմիկայի նախարար, կարծում եմ, որ այստեղ համակարգային լուծում պետք է տրվի, և ռուսական իշխանությունների հետ աշխատանքի համակարգ պետք է ստեղծվի: Այլ բան է փաստաթուղթը՝ երբ որ պետք է անխոչընդոտ տեղափոխվի, այլ բան է, որ հաճախ անօրինական գործողություններ են ձեռնարկվում հայ փոխադրողների կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG