Պաշտոնական Անկարան «ուշադիր հետևելու է Ֆրանսիայի Սենատում մոտ ապագայում կայանալիք գործընթացին»՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ, որը դեռ ուժի մեջ չի մտել: Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:
Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «փաստաթուղթը իր ներկայիս տեսքով պոտենցիալ վտանգ է ներկայացնում արտահայտվելու ազատության համար»:
«Ակնկալում ենք, որ Ֆրանսիայի Սենատը օրինագծից կհեռացնի այն տարրերը, որոնք հղի են արտահայտվելու ազատության սահմանափակման վտանգով»,- հայտարարում է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Հիշեցնենք, մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց մեկ շաբաթ առաջ, այն այժմ ենթակա է քննարկման ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից: