Մատչելիության հղումներ

Վարշավայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը


Լեհաստան - ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդագիրը Վարշավայի Ազգային մարզադաշտի պատին, հուլիս, 2016թ․
Լեհաստան - ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդագիրը Վարշավայի Ազգային մարզադաշտի պատին, հուլիս, 2016թ․

Ուրբաթ առավոտյան Վարշավայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Լեհաստանի մայրաքաղաք են ժամանում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները` այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Արևմտյան պետությունների ղեկավարներից բացի, հավաքին մասնակցում են նաև Դաշինքի հետ համագործակցող երկրների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:

Ըստ նախագահականի, Սերժ Սարգսյանը մասնակցելու է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հավաքին, Վարշավայում ունենալու է նաև երկկողմ հանդիպումներ: Թե ում հետ` հայտնի կդառնա առաջիկա ժամերին:

Ադրբեջանի նախագահն այստեղ է երեկվանից:

Սարգսյան - Ալիև հնարավոր հանդիպման մասին, սակայն, մինչև այս պահը պաշտոնապես չի հաղորդվել, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկելու համար: ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովում` երկու տարի առաջ, հենց Միացյալ Նահանգների պետքարտուղար Զոն Քերրին էր նախաձեռնել երկու նախագահների հետ հանդիպումը:

Ինչ վերաբերում է գագաթնաժողովի օրակարգին, ապա արևմտյան ռազամաքաղաքական այս դաշինքի հերթական հավաքը հավակնում է դառնալ եթե ոչ որոշիչ, ապա առնվազն առաջիկա ռազմավարությունը սահմանող, հատկապես`Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով: Ղրիմի բռնակցումից հետո Դաշինքը որոշել է ամրապնդել իր ներկայությունը Կենտրոնական Եվրոպայում ու բալթյան երկրներում,ինչն ակնհայտորեն գրգռում է Մոսկվային: Ըստ ամենայնի, հստակություն կմտցվի նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ու դրա պայմանների հարցում, թեև Դաշինքի ընդլայնման մասին ՆԱՏՕ-ում չեն շտապում խոսել: Ուկրաինայի մասով գագաթնաժողովը գործնական է տրամադրված, Կիևին գուցե աջակցության հատուկ փաթեթ առաջարկվի:

Թերևս զգուշանալով նաև եվրոպական մայրաքաղաքներ հասած ահաբեկչական գործողություններից` Լեհաստանի իշխանություններն անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկել, մայրաքաղաքը ոստիկանական խիստ հսկողության տակ է, նախագահների կեցավայր-հյուրանոցները` շրջափակված, ստուգումներ են ամենուր` կայարաններից մինչև առևտրի կենտրոններ: Միաժամանակ, քաղաքը նաև տոնական տեսքի է բերվել:

Վարշավան հյուրընկալում է ոչ միայն գերտերությունների առաջնորդների, այլև լրագրողական հարյուրավոր պատվիրակությունների ու տարբեր երկրներից ժամանած փորձագետների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG