Մատչելիության հղումներ

ICG. Հաջորդ հայ-ադրբեջանական բախումը կարող է ավելի շատ կյանքեր խլել


«Ապրիլյան բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները առավել քան երբևէ հակված են ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը», - պնդում են Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները:

Տարբեր երկրների կառավարություններին և միջազգային կառույցներին խորհրդատվական ծառայություններ մատուցող այս կառույցը, որում տասնյակ պաշտոնաթող բարձրաստիճան պետական գործիչներ ու դիվանագետներ են ընդգրկված, երեկ իր կայքում բավական մանրամասնորեն անդրադարձել է ղարաբաղյան կարգավորման ընթացքին:

«Նոր հնարավորությո՞ւն, թե՞ ահագնացող վտանգ» վերնագրված զեկույցում խմբի փորձագետները նախևառաջ կոչ են անում բացառել ապրիլյան իրադարձությունների կրկնությունը:

«Ապրիլի 2-5-ը տեղի ունեցած լայնածավալ մարտերը անակնկալ չէին` հաշվի առնելով 2011 թվականից ի վեր շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նկատվող ռազմական էսկալացիան: Ազգայնական տրամադրությունների պոռթկում առաջացրած, հրթիռային համակարգերի, ծանր հրետանու, տանկերի, հարվածային անօդաչու սարքերի և լավ մարզված հատուկ ջոկատայինների ներգրավմամբ ուղեկցված այդ մարտերում Ադրբեջանը կարողացավ փոքր, սակայն ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունեցող հողակտորներ գրավել», - գրում են Ճգնաժամային խմբի փորձագետները` զգուշացնելով, սակայն, որ հնարավոր նոր բախումներն անհամեմատ ավելի դաժան բնույթ են կրելու․ - «Տարածքային որոշիչ ձեռքբերումներ ապահովելու նպատակով մեծ է լինելու հեռահար հրթիռների կիրառման հնարավորությունը, ինչը կհանգեցնի շատ ավելի մեծաթիվ զոհերի, մասնավորաբար խաղաղ բնակչության շրջանում»:

Ստեղծված իրավիճակում Միջազգային ճգնաժամային խմբի անդամները համոզված են, որ բանակցային գործընթացի հետագա ակտիվացումը առաջնահերթություն է:

«Մայիսի 16-ին Վիեննայում կայացած բանակցությունները հույս ներշնչեցին, որ խաղաղ կարգավորման գործընթացը կարող է վերսկսվել: Սակայն դատելով հունիսի 20-ին Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո հրապարակված հայտարարությունից` բանակցային գործընթացին հաղորդված թափը կարող է և դանդաղել», - գրում են արևմտյան վերլուծաբանները` նշելով․ - «Ստեղծված իրավիճակում Մինսկի խմբի համանախագահ պետությունները բանակցություններում պետք է ներգրավվեն բարձրագույն քաղաքական մակարդակով` դրանց բավարար կշիռ և անհրաժեշտ արագություն հաղորդելու համար»:

Դրան զուգահեռ, ըստ Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետների, հարկավոր է դիմել մի շարք այլ միջանկյալ քայլերի․ այն է՝ շփման գծի երկայնքով միջադեպերի կանխման և հետաքննության մեխանիզմներ ձևավորել, նախնական քննարկումներ անցկացնել ապագա խաղաղապահ ուժերի ձևավորման շուրջ․ - «Եվրամիությունն իր հերթին կարող է լուրջ փորձագիտական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել հակամարտությանը հաջորդող շրջանում իրականացվելիք վերականգնողական աշխատանքներին, մասնավորաբար հաղորդակցության ուղիների` նախևառաջ երկաթուղու վերագործարկմանը»:

«Այս բոլոր քայլերը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծում չեն նշանակում: Բայց եթե լինեն արագ և համակարգված գործողություններ, որոնցով գրավյալ տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ժամանակավոր կարգավիճակը երաշխավորող վստահելի մեխանիզմներ կներդրվեն, ապա իրական հնարավորություն կա, որ խաղաղ գործընթացը կարող է դուրս գալ ներկա փակուղուց», - նշում են Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները:

Զեկույցի վերջում նրանք նաև կոնկրետ խորհուրդներ են ուղղում թե՛ հակամարտության կողմերին և թե՛ միջազգային հանրությանը:

«Ադրբեջանը և Հայաստանը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը՝ ի վերջո երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար փոխզիջումների գնալով», - նշում են փորձագետները:

Միջազգային հանրության ներկայացուցիչներին Ճգնաժամային խումբը գործողությունների բավական մեծ ցանկ է առաջարկում` Եվրամիության աջակցությամբ հետկոնֆլիկտային վերականգնման ծրագրի մշակում, հայերի և ադրբեջանցիների միջև շփումներ, ԵԱՀԿ բարձագույն պլանավորման խմբում խաղաղապահների հարցի քննարկում:

Ճգնաժամային խմբի մասնագետները նաև անդրադառնում են Թուրքիայի հնարավոր դերակատարությանը` նշելով․ - «Միջազգային հանրությունը պետք է դրդի Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանն առանց նախապայմանների: Բայց քանի որ Թուրքիան այդ հարցը շաղկապում է ղարաբաղյան կարգավորման հետ, Անկարան պետք է հստակեցնի, թե ինչ առաջընթաց է ակնկալում Լեռնային Ղարաբաղում, և դրան համապատասխան հստակ պարտավորություններ ստանձնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG