Աշխարհի բոլոր ճանաչված լրատվամիջոցները, մասնավորապես՝ BBC-ն, Associated Press-ը, Reuters-ը, France-Presse-ը, մարզական լրատվամիջոցները հայտնում են, անդրադառնում են Դորտմունդի «Բորուսիա»-ից Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխմանը:
Reuters-ը նրա մասին հաղորդում է, որ 2006 թվականին Մխիթարյանը խաղացել է «Փյունիկ»-ի կազմում: France-Presse-ը նշում է, որ Ֆուտբոլի ակադեմիայի կողմից նա ուղարկվել է Բրազիլիա, կատարելագործվել է, երեք տարի անց տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», հաջորդ տարի արդեն հանդես է եկել Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում, 2013-ին «Բորուսիա»-ն ակումբի համար ռեկորդային գնով՝ 30 միլիոն 600 հազար դոլարով ձեռք է բերել Մխիթարյանին: Ըստ France-Presse-ի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ը Մխիթարյանի համար «Բորուսիա»-ին առաջարկել է 46 միլիոն 800 հազար դոլար:
France-Presse-ը նաև մի նյութ է պատրաստել՝ «Հինգ փաստ՝ Մխիթարյանի մասին»․
Առաջին՝ «Բորուսիա»-ի նախկին մարզիչ Յուրգեն Կլոպին Մխիթարյանը բնորոշել էր որպես «ֆուտբոլի խելագար»: «Իսկ Թոմաս Տուխելը փոխել է մեր կյանքը, նրա շնորհիվ ես հիմա ինձ ավելի օգտակար եմ զգում», - ասել է հայ ֆուտբոլիստը նոր մարզչի մասին:
Իսկ Կլոպը, ով ֆուտբոլիստների մասին հաճոյախոսությունները շաղ չի տալիս, Մխիթարյանին համեմատելով հայ շախմատիստների հետ՝ ասել էր, թե հայերը աշխատասեր են, և հենց այնպես չէ, որ Հայաստանն աշխարհին տվել է այդքան բարձրակարգ շախմատիստների:
Երկրորդ՝ նրա աճը «Շախտյոր»-ում: Մխիթարյանը մեծ առաջխաղացում է ունեցել «Շախտյոր»-ում և նաև մեծ հաջողություններ ու օգուտներ է տվել հանքագործների ակումբին: «Շախտյոր»-ը իր հակառակորդ թիմից՝ Դոնեցկի «Մետալուրգ»-ից 2010 թվականին ձեռք էր բերել Մխիթարյանին 6 միլիոն դոլարով, իսկ երեք տարի անց հինգ անգամ ավելի շատ գումարով համաձայնել է նրա տեղափոխմանը Դորտմունդի «Բորուսիա»:
Երրորդ՝ պրոֆեսիոնալ և կատարյալ խաղացող: Վետերան մարզիչ Միրչա Լուչեսկուն, ով ստորագրել է «Շախտյոր»-ի հետ նրա գործարքը, դեռ 2012-ին բրիտանական The Guardian-ում գովաբանել էր Մխիթարյանին: «Մխիթարյանը ծայրից ծայր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է», - ասել էր ռումինացի մարզիչը՝ նաև նշելով, որ Մխիթարյանը կարողանում է խաղընկերների հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որ նրան հեղինակություն է տալիս թե՛ ֆուտբոլի դաշտում, թե՛ դաշտից դուրս: «Նրա հետ ուրախ է աշխատել, նա կատարյալ խաղացող է», - շեշտել էր Լուչեսկուն:
Հաջորդ փաստը France-Presse-ը կոչել է «Շեքսպիրյան էլեմենտ»․ - «Մխիթարյանը վաղ է կորցրել հորը, որի անունը Համլետ էր: Համլետ Մխիթարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, մի քանի տարի անցկացրել է Ֆրանսիայում, վերադարձել Հայաստան, որի դրոշի տակ երկու անգամ խաղադաշտ է դուրս եկել, բայց, դժբախտաբար, 1996 թվականին մահացել է, երբ որդին՝ Հենրիխ Մխիթարյանը ընդամենը 7 տարեկան էր»: «Դու չեք պատկերացնի, թե որքան շատ կցանկանայի, որ հայրս հիմա կողքիս լիներ», - երեք տարի առաջ ասել էր Մխիթարյանը:
Եվ վերջապես, հինգերորդ փաստը՝ «գոլային երաժշտություն»: «Շախտյոր»-ում ավանդույթ կար՝ երբ թիմը գոլ էր խփում, մարզադաշտում երաժշտություն էր հնչում՝ կարճատև բարձր երաժշտություն: Երբ Մխիթարյանն էր գոլ խփում, հնչում էր հայկական «Սուսերով պարը»: Սա առաջին անգամ չէ, որ «Սուսերով պարը» օգտագործվում է մարզադաշտում՝ հոկեյի ամերիկյան առաջնությունում «Բուֆֆալո Սեյբըրս»-ը ևս օգտագործում էր այն: France-Presse-ը նշում է․ - «Քիչ հավանական է, որ այն կիրառվի «Մանչեսթր Յունայթեդ»-ի կողմից, այնպես որ՝ Ժոզե Մոուրինյոն հնարավոր է «Սուսերով պարը» լսի ականջակալներով»: