Մատչելիության հղումներ

ՀՕՊ միասնական համակարգի մասին իշխանության հավաստիացումները, ըստ Փաշինյանի, «կատարյալ սուտ» են


Անցած շաբաթ Ազգային ժողովում ձայների 101 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ վավերացված՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, չի տալու այն հնարավորությունները, որոնց մասին պնդում են իշխանությունները:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը ավելի պաշտպանված դարձնելու համար պետք է զարգացնել ռազմական արդյունաբերությունը:

«Ես պաշտոնապես ասում եմ՝ այո, սուտ է ասում պաշտպանության նախարարությունը և Հայաստանի իշխանությունը, որ իրենց հրամանով ռուսական օդուժը օդ է բարձրանալու և Հայաստանի զինուժի հրամանատարների հրամանով որևէ թիրախ է խոցելու: Դա կատարյալ սուտ է, կատարյալ սուտ: Կա, չէ՞, թևավոր խոսք, ասում է՝ դա ավելին է, քան հանցագործությունը՝ դա սուտ է», - հայտարարեց Փաշինյանը:

«Եվ մեր հիմնական ասելիքը այն էր, որ Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկը պետք է դառնա ռազմարդյունաբերական համալիրը: Եվ էն ժամանակ արդեն մենք գիտեինք, մենք ասում էինք, մենք ահազանգում էինք, որ Հայաստանը հայտնվել է անպիսի միջավայրում, որ ինքը չի կարող հուսալ, որ կարող է անխափան զենքի մատակարարումներ ունենալ: Եվ մենք պետք է այս ռազմավարական պրոբլեմը ամեն օր ունենանք մեր աչքի առաջ: Եվ մեր տեսլականը այն է, որ էսօր մենք կարող ենք արձանագրել մի բան՝ Հայաստանում կա ռազմարդյունաբերական համալիրը երկրաչափական պրոգրեսիայով կամ շատ արագ տեմպերով աճեցնելու համար անհրաժեշտ ինժեներական միտք», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով․ - «Փառք Աստծո, էդ մի բանը մենք էսօր ունենք: Հայաստանում կան համապատասխան հոսքագծեր, որոնք կարող են ապահովել զարգացումը: Ես ամիսներ առաջ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ այցելել էի Հրազդանում աշխատող մի գործարան և լուսանկարներ ու ինֆորմացիա էի հրապարակել, և այն մարդիկ ասում են՝ այո, մենք պատրաստ ենք ցանկացած հոսքագիծ, որը նախագիծ կունենա, ստեղծել՝ ցանկացած տիպի արտադրանք ստեղծելու համար»:

«Խնդիրն այն է, որ էսօր մենք, էսպես թե էնպես, հսկայական միջոցներ ենք ծախսում մեր բանակի կարիքները հոգալու համար, և մեր տեսլականն այն է, որ մենք, օրենքով դա կլինի մի տոկոս, երկու տոկոս, թե հինգ տոկոս, օրենքով մենք պետք է դրույթ սահմանենք, որ ամեն տարի մեր բանակի մատակարարումների մեջ տեղական արտադրանքի տոկոսը պետք է պարտադիր կերպով մեծանա, և դա պետք է մեծանա շատ էական և շոշափելի ձևով», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, Փաշինյանը միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացմանը դեմ քվեարկած 8 պատգամավորների թվում է:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 3-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG