Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցը Ուելսի հավաքականն է, որը եզրափակիչ դուրս գալու համար հուլիսի 6-ին Լիոնում կխաղա Պորտուգալիայի հետ։
Ուրբաթ երեկոյան Լիլում կայացած քառորդ եզրափակիչ հանդիպմանը Ուելսի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Բելգիայի նկատմամբ, ընդ որում, խաղի հաշիվը բացել էին բելգիացիները։
Սա արդեն իսկ աննախադեպ հաջողություն է Ուելսի հավաքականի համար, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, իսկ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցել է միայն մեկ անգամ՝ 1958 թվականին, հասնելով մինչև քառորդ եզրափակիչ։
Ֆրանսիայում անցկացվող Եվրո-2016-ի երկրորդ կիսաեզրափակիչի մասնակիցները կդառնան շաբաթ և կիրակի կայանալիք Գերմանիա - Իտալիա և Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպումներում հաղթող թիմերը։