Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԺ-ն ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրենք ընդունեց


Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ֆրանսիայի Ազգային ժողովը ուրբաթ օրը միաձայն ընդունել է օրենք, որով քրեականացվում է մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքումը։

Armenews կայքի փոխանցմամբ՝ ընդունված փաստաթուղթը կառավարության ներկայացրած փոփոխությունն է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում։ Առաջին ընթերցմամբ նախագծի օգտին են քվեարկել քվեարկությանը մասնակցած բոլոր 21 պատգամավորները։

Նոր օրինագիծը ներառում է բոլոր այն դեպքերը, որոնք ֆրանսական օրենքը ընդունում է որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն, պատերազմական հանցագործություն կամ ստրկություն։ Ընդունված փոփոխությամբ նման ոճիրների հերքումը, վիճարկումը կամ նսեմացումը պատժվում է մեկ տարվա ազատազրկմամբ և 45 հազար եվրո տուգանքով։

«Այս փաստաթուղթը կպատժի մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների նսեմացումը»,- France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է հավասարության հարցերով կրտսեր նախարար Էրիկա Բարեյգցը։ Նախարարը հայտնել է, որ այն ներառում է 1915-1917 թվականների կոտորածները, որոնք, ինչպես հայերն են հավաստում, այդ ժողովրդի 1.5 միլիոն ներկայացուցչի կյանք է խլել։

«Սա իմ քաղաքական կարիերայի լավագույն օրերից է»,- հայտարարել է խորհրդարանի անդամ Անրի Ջիբրայելը, որի նախնիները հարյուր տարի առաջ վերապրել են զանգվածային ջարդերը։

France-Presse-ը նշում է, որ օրենքը այժմ ենթակա է վերին պալատի՝ Սենատի քննարկմանը։ Օրենքի ջատագովները հույս ունեն, որ այն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ ընտրարշավի ժամանակ էր խոստացել նման օրենք ընդունել, երբ 2012 թվականի փետրվարին Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների հավանությանն արժանացած նմանատիպ օրենքը՝ խոսքի ազատությանը խոչընդոտելու հիմնավորմամբ։

Այժմ Ֆրանսիայում քրեական պատիժ է սահմանված միայն Հոլոքոսթի ժխտման համար։

France-Presse-ը իր հաղորդագրությունում հիշատակում է նաև Գերմանիայի Բունդեսթագի կողմից այս տարվա հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG