Սոչիում այսօր կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որի ավարտին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն մինչև պեկինյան գագաթնաժողովը:
Չավուշօղլուն չի հերքել, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսին Սոչիում, ինչպես ավելի վաղ գրել էին ռուսաստանյան աղբյուրները:
Նա հաստատել է նաև Նուրսուլթան Նազարբաևի և Իլհամ Ալիևի միջնորդությունը ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում: Ավելի վաղ, հիշեցնենք, Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին ռուս-թուրքական հաշտեցման գործում միջնորդության համար:
Թուրք պաշտոնակցի հետ հանդիպման մեկնարկին Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը «ճիշտ հիմք է ստեղծել» երկու երկրների հարաբերությունները կարգավորելու գործընթացը սկսելու համար: Իսկ Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները ոչ միայն կկարգավորվեն, այլ կհասնեն նախկին մակարդակին:
Լավրովը հատկապես ընդգծել է համագործակցությունը Սիրիայի հարցում՝ հայտարարելով, թե ստեղծվում է «ռուս-թուրքական հակաահաբեկչական խումբ»:
«Մենք կկարողանանք ավելի մանրամասնորեն քննարկել նույնիսկ ամենաբարդ՝ այդ թվում Սիրիայում գործող ահաբեկիչների հետ կապված հարցերը, Թուրքիայի տարածքից այդ ահաբեկիչներին օգնելը բացառելու հարցերը», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Երեկ, հիշեցնենք, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե ակնկալում է Թուրքիայի հետ համագործակցություն նախևառաջ թուրք-սիրիական սահմանի հետ կապված:
Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տևել է քառասուն րոպե և դրա մեծ մասն անցել է դռնփակ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ ի կատարումն երեկ նախագահի Պուտինի ստորագրած հրամանագրի՝ Ռուսաստանի կառավարությունը պետք է սկսի շփումները թուրք գործընկերի հետ՝ պատժամիջոցները փուլ առ փուլ վերացնելու ուղղությամբ:
Հավելենք, որ Ռուսաստանի զբոսաշրջային ընկերություններն այսօր հայտարարել են, որ արդեն գալիք շաբաթվանից կսկսեն վաճառել Թուրքիայի հանգստավայրերի ուղեգրեր, չարթերային ավիահաղորդակցությունը երկու երկրների միջև կվերականգնվի հուլիսի 7-ին:
Թուրքական ծովափնյա Քեմերի քաղաքապետը, ինչպես փոխանցել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն, այսօր հայտարարել է, թե ուզում է բնակարան նվիրել խոցված Սու -24 ինքնաթիռի զոհված օդաչուի ընտանիքին: