Մատչելիության հղումներ

Ստամբուլի ահաբեկչության հեղինակները ԱՊՀ երկրների քաղաքացիներ էին


Ստամբուլ, Աթաթուրքի անվան օդանավակայանը ահաբեկչական հարձակումից հետո, 28-ը հունիսի, 2016թ․
Ստամբուլ, Աթաթուրքի անվան օդանավակայանը ահաբեկչական հարձակումից հետո, 28-ը հունիսի, 2016թ․

Թուրքիայի դատախազությունը հրապարակել է Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների ինքնությունը:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` ահաբեկիչներից մեկը դաղստանյան ծագումով Ռուսաստանի քաղաքացի էր, մյուս երկուսը Ուզբեկստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ էին: Բացահայտվել է նաև նրանց բնակարանը, գտնվել են վերջիններիս անձնագրերը:

Ըստ պաշտոնական աղբյուրների, պարզվել է, որ ահաբեկիչները մեկ ամիս առաջ են մուտք գործել Թուրքիա: Չնայած «Իսլամական պետություն» խմբավորումն առայժմ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, թուրքական իշխանությունները պնդում են, որ մահապարտները հենց այդ կառույցի անդամներ էին:

Թուրքական ոստիկանությունն այսօր հատուկ գործողություններ է իրականացրել Ստամբուլի 16 բնակավայրերում, 13 մարդ ձերբակալվել է՝ ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով: Ձերբակալվածներից 4-ը օտարերկրյա քաղաքացիներ են: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան ահաբեկչությունից տուժածների վերաբերյալ թարմ տվյալներ է հրապարակել՝ 43 զոհ, այդ թվում՝ 19 օտարերկրացի, 239 վիրավոր, որոնցից 94-ը շարունակում են մնալ բուժհաստատություններում:

Արյունալի ահաբեկչությունից մեկ օր անց Թուրքիայում քննարկում են օդանավակայանի անվտանգության համակարգի բացթողումներն ու թույլ տրված սխալները: CNN Türk-ը, հիշատակելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի` դեպքի վայրում արած հայտարարությունը, թե անվտանգության հարցում բացթողումներ չեն եղել, գրում է, որ թուրքական հատուկ ծառայությունները դեպքից 20 օր առաջ զգուշացրել են հնարավոր ահաբեկչության մասին: «Իսլամական պետության» հավանական թիրախների ցուցակում նշվել է նաև Ստամբուլի օդանավակայանը:

Այսօր Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, «Ազգայնական շարժում» և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները տեղի ունեցած ահաբեկչությունը հետաքննելու նպատակով հանձնաժողով ստեղծելու առաջարկներ են ներկայացրել, որոնք, սակայն, մերժվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից:

ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, խոսելով իշխող կուսակցության նման դիրքորոշման պատճառների մասին, հայտարարել է, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Իսլամական պետության» միջև գաղափարախոսական կապ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG