Մատչելիության հղումներ

Խորհրդարանի գրեթե բոլոր ուժերը կողմ են միավորված ՀՕՊ-ին


Վահրամ Բաղդասարյանը խոսեց Զարուհի Փոստանջյանի «սեքսուալ հնարավորությունների» մասին
Վահրամ Բաղդասարյանը խոսեց Զարուհի Փոստանջյանի «սեքսուալ հնարավորությունների» մասին

Քննարկումներն անցան թեժ մթնոլորտում, ուղեկցվեցին փոխադարձ վիրավորանքներով:

Խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր ուժերը, այդ թվում և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, այսօր կողմ քվեարկեցին «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին։

Փաստաթուղթը վավերացվեց ձայների 101 կողմ և 8 դեմ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկած 8 պատգամավորներն են Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Ի տարբերություն ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդամներ Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը կողմ են քվեարկել համաձայնագրին:

Խորհրդարանում 2 օր տևած բուռն քննարկումներն ուղեկցվեցին փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով: Հատուկենտ հնչող քննադատություններին էլ, թե այս փաստաթղթով Հայաստանը կորցնում է իր ինքնուրույնությունը նաև հակաօդային պաշտպանության հարցում, իշխող Հանրապետականն ու մյուս «կողմ» ուժերը հակադարձում էին՝ Հայաստանը ոչինչ էլ չի կորցնում, ավելին՝ ձեռք է բերում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ներուժը:

Կրքերն այնքան թեժացան, որ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարկ համարեց խոսել համաձայնագիրը սուր քննադատության ենթարկած ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «սեքսուալ հնարավորությունների» մասին:

«Հիմա որ ամպագոռգոռ գոռում եք, որ այդ ուղղաթիռները կթռչեն, չգիտեմ ինչեր կանեն, ո՞վ է ձեզ թույլ տալու, որ դուք ուղղաթիռ թռցնեք: Դուք ո՞վ եք, դուք ուղղակի արբանյակ եք, և այստեղ գրեթե բոլոր քաղաքական ուժերը սպասարկում են այդ քաղաքական տրամադրությունները Ռուսաստանի Դաշնության»,- Զարուհի Փոստանջյանի այս խոսքին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց՝

«Ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ինչ ես սիրում, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք Ազգային ժողով»:

Քվեարկությունից հետո Վահրամ Բաղդասարյանին հարց ուղղեցինք՝ ի՞նչ նկատի ուներ «սեքսուալ հնարավորություններ» ասելով, և դա ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ:

«Քաղաքական սեքսուալ հնարավորությունները՝ դա մեկի նկատմամբ ատելությունն է, մյուսի նկատմամբ սեր բացատրելը, դա զուտ քաղաքական տերմինալոգիա է: Համենայն դեպս, ես ներմուծում եմ նման հասկացողություն»,- պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը:

«Ազատության» հարցին՝ հաջողվե՞ց ի վերջո փարատել հանրության այն մտահոգությունը, որ այսօր վավերացված համաձայնագրի կենսագործման դեպքում Հայաստանը զրկվելու է ինքուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե հանրության շրջանում նման մտահոգություն չի էլ եղել: Ըստ Բաղդասարյանի, այդ մասին խոսել են միայն այն ուժերը, որոնք անձնական հակակրանք ունեն Ռուսաստանի նկատմամբ և փորձում են սրել հայ-ռուսական հարաբերությունները:

Այդուհանդերձ, նկատենք՝ համաձայնագրի 6-րդ հոդվածում հստակ նշված է, որ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների համակարգումն ու ղեկավարումն իրականացնում է ռուսական կողմը: Իսկ արդեն առանձին շրջանի հակաօդային պաշտպանության ժամանակ զորքերի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Այս տարբերակումն այնքան էլ հասկանալի չէ, մինչդեռ, Հանրապետական խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ հետևյալը պնդեց՝ «Բոլոր հրահանգներն ու հրամանները տալիս են մեր կողմից: Դուք ի՞նչ եք կարծում՝ եթե հանկարծ նման իրավիճակ է լինում, որ ընդամենը վայրկյաններ ենք ունենում, մենք պետք է ինչ-որ մեկի հետ համաձայնեցնե՞նք մեր երկրի պաշտպանության հետ կապված խնդիրները: Պարզապես աբսուրդ է նման բան մտածելը»:

Ի դեպ, նշենք, որ պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ի սկզբանե կողմ էր համաձայնագրին, այսօր դեմ է քվեարկել: Պատգամավորը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ այս համաձայնագիրն իսկապես լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի հակաօդային պաշտպանության համար, այլ հարց է՝ արդյո՞ք հայկական կողմը փաստաթղթում գրվածն իրական կյանքում կիրառելու հնարավորություն կունենա: Այս հարցի պատասխանը չստանալու պատճառով էլ Թևան Պողոսյանը դեմ է քվեարկել համաձայնագրին :

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG