Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը, որը մի քանի օր ընթացող քննարկումների ժամանակ արժանացել էր բոլոր խմբակցությունների կոշտ քննադատությանը: Ու թեև անգամ հանրապետական պատգամավորներն էին մտահոգված փաստաթղթով, պատգամավորական մեծամասնությունը, ընդունելով Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հորդորը, կողմ քվեարկեց օրինագծին։
Մինչ այդ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել էր հանել նախագիծը քվեարկությունից, քանի որ այն, նրա պնդմամբ, խախտումներով է ներկայացվել:
Այս առաջարկին աջակցեցին գրեթե բոլոր խմբակցությունները, սակայն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պնդելով, որ ոչ մի խախտում էլ չկա, հայտարարեց, թե մտահոգությունները կքննարկվեն այսօրվանից մեկնարկող հանդիպումների ընթացքում: «Դուք բոլորդ ձեր կարծիքները կասեք, հետագայում նաև կընդունենք այս օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ», - ասաց ԱԺ նախագահը։
Այս խոսքերի նկատմամբ թերահավատ էր ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով՝ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելն արդեն իսկ վկայում է, որ հետագայում լուրջ աշխատանք օրենսգրքի վրա այլևս չի կատարվելու:
«Այդ աշխատանքը, աշխատանքային խումբ, 10 օր, 15 օր, դա կամուֆլյաժ է, երկու հատ ստորակետ կարող եք փոխել։ Մենք ընդունում ենք մի օրենսգիրք, որն առնվազն 90 միլիարդ դրամով ավելացնում է հարկային բեռը հարկ վճարողների վրա։ Դրա համար ես ուզում եմ զգուշացնել՝ կարող էր կառավարությունը այս անգամ մարդ գտնվել և ասել՝ «չէ, եկեք սկզբից փոփոխություններն անենք, այդ թվում նաև՝ սկզբունքային, հետո նոր դնենք առաջին ընթերցմամբ», - ասաց Բագրատյանը։
Այս տեսքով նոր օրենքը բացի վնասից օգուտ չի տալու, այսօր նախքան քվեարկությունը պնդում էին պատգամավորներից շատերը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանի պնդմամբ՝ աղետալի վիճակ է ստեղծվելու տնտեսության համար: «Խանգարելու է բիզնեսի զարգացմանը, ավելացնելու է ստվերայնությունը», - ասաց Մարգարյանը։
«Օրինաց երկիր» խմբակցությունից Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց, թե նորից բացում են արտագաղթի դռները։ «Աշխատենք ինչքան որ հնարավոր է՝ հետագայում ունենալ այնպիսի նախագիծ, որ ուղղակի մեր հայրենակիցները չլքեն հայրենիքը», - ասաց Բիշարյանը։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի համար էլ անհասկանալի էր, թե այսքան բացասական կարծիք լսելուց հետո՝ ինչու դրսևորվեց այսպիսի շտապողականություն:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ վստահ է, որ միջազգային ֆինանսական կառույցների ճնշման տակ է խորհրդարանական մեծամասնությունն ամեն գնով փորձում անցկացնել օրինագիծը: «Կա պայման՝ էս Հարկային օրենսգիրքը առաջին ընթերցմամբ պետք է ընդունված լինի, որ խնդիրներ չունենան միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ», - ասաց Փաշինյանը։
Հարկային նոր օրենսգրքի նախագիծը քննադատում են նաև փոքր և միջին ձեռնարկատերերը: Փաստաթղթի դրույթներից մեկով՝ 40 միլիոն և ավելի շրջանառության ունեցող ընկերությունը ընկնում է 20 տոկոս ավելացված արժեքի հարկի տակ, մինչդեռ գործող օրենքով դա տարածվում է տարեկան 115 միլիոն դրամի չափով շրջանառություն ունեցողների վրա:
20 տարուց ավելի բիզնես գործունեություն ծավալող Սամսոն Գրիգորյանն ու Հարություն Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում պնդեցին՝ այս փաստաթղթով հարկային մարմնին տրվում է դատավորի կարգավիճակ, իսկ գործարարին ստիպում են փակել բիզնեսն ու լքել Հայաստանը։
«Մեզ խաբել հնարավոր չէ, մեզ այդ վիճակագրական ծառայության գրած սուպերթվերը ոչինչ չեն ասում: Մենք ամեն օր մեր դարակի գումարը հաշվելով ենք տեսնում մեր տնտեսության վիճակը: Եթե դժվարացվում է, բարդացվում է օրենսդրական դաշտը, իհարկե՝ տնտեսական դեգրադացիա կլինի», - ասաց Սամսոն Գրիգորյանը:
Փաստաթղթի դրույթներից մեկով՝ 40 մլն և ավելի շրջանառության ունեցող ընկերությունը ընկնում է 20 տոկոս ավելացված արժեքի հարկի տակ, մինչդեռ գործող օրենքով դա տարածվում է տարեկան 115 միլիոն դրամի չափով շրջանառություն ունեցողների վրա: Ըստ գործարարի՝ անհեթեթ են Պետեկամուտների կոմիտեի բացատրությունները, թե այսպիսով հավասար պայմաններ են ստեղծում բոլորի համար, քանի որ խոշորները տրոհվելով՝ թաքնվում են փոքր և միջինի ետևում:
«Հարկայինը չի կարողանում տարին հինգ անգամ ստուգում անել, իսկ ամեն ստուգմանը մինիմում 3 միլիոն գրպանը պետքա դնի տեսուչը․․․ հասկանո՞ւմ եք, ինչ է կռիվ տալիս ՊԵԿ-ը դրա համար: ՊԵԿ-ը կռիվա տալիս, որպեսզի ապահովի իր կոռուպցիան», - ասում է Գրիգորյանը:
Հիշելով, թե ինչ դժվարությամբ անցած տարի բողոքի ակցիաների միջոցով կարողացան 58 միլիոնից բարձրացնել շրջանառության հարկի շեմը, ասում է՝ հիմա նորից նույն կոտրած տաշտակի առջև են կանգնեցնում:
Գործարար Հարություն Կարապետյանը արդեն իսկ մտադիր է բիզնեսը տեղափոխել Ռուսաստան: Համեմատականներ տանելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև՝ գործարարը զարմանում է՝ ինչպես կարելի է տնտեսական այս դաշինքում հայտնվելուց հետո անգամ հարկային այսպիսի անհավասար պայմաններ ստեղծել սեփական ժողովրդիդ համար:
«Ընդամենը, շատ չեմ ասում, 20 միլիոն դրամի կարգի գումար ունի բիզնեսի մեջ դրած, էդ 20 միլիոնը վերցնում է, գնում է Ռուսաստան, Ռուսաստանում գրկաբաց ընդունում են, երկու-երեք տարի ոչ մի կոպեկ, ոչ մի ձևի հարկ չեն մուծում: Մենք էլ ենք ԵՏՄ-ի մեջ, դե եթե էնտեղ էդ օրենքը կա, մեզ էլ ազատեք», - ասաց գործարարը։
Աղմկահարույց Հարկային օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա խորհրդարանի աշնանային նստաշրջանում: