«Կոնկրետ այս պահի դրությամբ չենք կարող ասել որը՝ ինչ չափով, բայց, համենայն դեպս, կատարվել են կոնկրետ գործողություններ, որոնք արգելված են միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիսյանը՝ շարունակելով․ - «Ընթացքում է: Պետք է պարզենք, թե ինչ չափով, մինչև մահը, մահվանից հետո․․․ սրանք հանգամանքներ են, որոնք պետք է փորձագիտական մակարդակով պարզվեն, հետո արդեն համապատասխան իրավական ընթացակարգերին սկիզբ կդրվի»:
Հարցին, թե արդյոք բոլոր դիակներն են խոշտանգված, նա պատասխանեց․ - «Թվի առումով չեմ կարող ասել: Գրեթե բոլորի մոտ կան խոշտանգման փաստեր: Դեռևս պարզվում է, դեռևս ճանաչման փուլ է գնում: Ցավոք սրտի, այն ապացույցները, որ մենք ունեինք (մինչև զոհվածների մարմինների երեկվա փոխանակումը) գլխատված երեք դիակների մասով, ըստ էության, հաստատվեց: Դրան գումարվեց նաև այն, որ կիրառել են այլ հնարավոր և անհնարին տարբերակներ, որոնք կարող էին այս պարագայում օգտագործել և․․․ չի բացառվում նաև տանջանքի մեթոդներ: Դա պետք է փորձագիտական մակարդակով դեռևս ապացուցվի»:
Իսկ գլխատված դիակների մասով, նրա խոսքով, «փաստերն առկա են»․ - «Երևի տեղյակ եք, որ մեկը արդեն վերադարձրել են, մյուսի մասով աշխատանք է տարվում, ընթացքում է»:
Պաշտպանության նախարարի օգնականը դժվարացավ ասել, թե 18 զինծառայողների մարմիններն ինչպես էին հայտնվել ադրբեջանական կողմում՝ գերեվարվել, հետո՞ են սպանվել․ - «Դա կախված է կոնկրետ իրավիճակից․․․ հարձակման խորությունից և այլն: Այս պարագայում բարդ է ասել: Այդ ամենի վերաբերյալ հետագայում, բնականաբար, պարզաբանումներ կհնչեցվեն: Կոնկրետ ամեն դեպքի մասով»:
Պաշտպանության նախարարի օգնականի փոխանցմամբ, Կարմիր Խաչը խոշտանգման դեպքերը արձանագրել է, այդ ուղղությամբ աշխատանքներ է կատարում, պարբերաբար հանդիպում են նախարարի առաջին տեղակալի հետ, քննարկումներ են ծավալվում թե՛ մինչև դիակների փոխանակումը, թե՛ դրանից հետո:
Իսկ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը արձանագրված բոլոր դեպքերով դիմելու է միջազգային ատյաններ․ - «Այն դիակները, որ մեր մոտ էին, այն դեպքերը, որ արդեն մենք ունեինք՝ խոշտանգված, գլուխ կտրած և այլն, բոլոր այդ փաստերը հավաքվել են: Միանշանակ դրանք ռազմական հանցագործություն են միջազգային բոլոր օրենքներով: Համապատասխան փաստաթղթային ձևակերպում տալուց հետո բոլորը հանձնվելու են համապատասխան ատյաններին, տեղեկացվելու են բոլոր միջազգային կառույցները, որոնք այստեղ ներկայացուցչություն ունեն: Մենք բոլորի հետ աշխատում ենք այս պահին, ինտենսիվ աշխատանք է գնում»:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ խոշտանգված զինվորների լուսանկարները անձամբ է տեսել: Նա ասաց, որ ռազմական փորձագետների պնդմամբ, անգամ 1994-ի պատերազմի ժամանակ նման բաներ չեն եղել․ - «Ցավոք սրտի, այնքան փաստերը աղաղակող են վայրագություններն ապացուցող թե՛ խաղաղ բնակիչների հանդեպ, թե՛ զինվորներ հանդեպ, որ այս ամենը բավարար է, որ միջազգային հանրությունը չփակի իր աչքերը և Ադրբեջանը ճանաչի որպես ահաբեկիչ պետություն: Ես չեմ ուզում հիմա շատ փակագծեր բացեմ: Ես ինքն տեսել եմ այդ ամենը, նկարները․ գործել է ահաբեկչական «Իսլամական պետության» նույն ձեռագրով զինվորների խոշտանգումների մասով»:
Զոհրաբյանի համոզմամբ, Ադրբեջանը ռազմական հանցագործություն է կատարել, և այս պահին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանները տեղի ունեցած բոլոր դեպքերով իրավական փաթեթ են պատրաստում՝ բոլոր միջազգային ատյաններ ուղարկելու և տեղի ունեցածը ռազմական հանցագործություն ճանաչելու համար:
Արդեն իսկ Հայաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բոլոր քաղաքական խմբերին, ազդեցիկ պատգամավորներին ուղարկել են տեղեկատվական բազան՝ անհրաժեշտ լուսանկարներով:
Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ տեղի ունեցած բոլոր դեպքերով Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը ուղարկել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին:
Նշենք նաև, որ Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը փոխանցեց, թե չեն կարող հաստատել կամ հերքել այն տեղեկատվությունը, որ իրենք արձանագրել են զինծառայողների խոշտանգման դեպքեր: Այդ ամենը, ըստ Ամատունու, հրապարակման ենթակա չէ․ - «Այն, ինչ մենք տեսել ենք, և ինչպես այդ մեր տեսածը կշարունակվի, ինչ ընթացք կտրվի դրան, սա մնում է մեր կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում: Որևէ երրորդ կողմ, առավել ևս՝ հանրային հարթակում մենք որևէ ընթացք դրան չենք տալու»: