Նրանց գործով դատական նիստը, «Զօօ Ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանի փոխանցմամբ, աֆրիկյան այս երկրի դատարանում այսօր հետաձգվել է։
Խաչատրյանը պնդեց, թե կապիկների արտահանման հետ Վարդանյան եղբայրները որևէ առնչություն չեն ունեցել, և 61 կապիկները փորձում էր Հայաստան հասցնել իր կազմակերպությունը։
«Տղաները բացարձակ անմեղ են։ Եվ նրանց կապել կապիկների այս խմբաքանակի հետ, հիմարություն է։ Ես հույս ունեմ՝ տղաներն ազատ կարձակվեն», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց նա։
Խաչատրյանը նաև պնդեց, թե Տանզանիայում հանգստացող ընկերներին պարզապես առաջարկել է կապիկներին տեղափոխելու համար իր վարձակալած ինքնաթիռով գալ Հայաստան՝ որպես բեռի ուղեկցող և գումար չծախսել տոմսի համար։ Սակայն նաև նշեց, թե Արտյոմ Վարդանյանը Տանզանիայում նախարարությունների դռներ է ծեծել՝ կապիկները տեղափոխելու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար․ - «Ես նրան խնդրել եմ, երկու անգամ նա մտել է ինչ-որ նախարարություն՝ իմ գործով։ Մենք ընկերներ ենք։ Հա, ի՞նչ կա դրա մեջ, նախարարություն է նա մտել։ Նա պարզապես մտել է կենդանիների պաշտպանության ծառայություն, պայմանավորվել է որոշ մարդկանց հետ ու դուրս եկել այդտեղից»։
Տանզանիայում ձերբակալված Արտյոմ Վարդանյանը Ձորաղբյուրում գործող «Ջամբո» այգի-ռեստորանի սեփականատերն է։ Այստեղ նա մեծ թվով կապիկներ և այլ էկզոտիկ կենդանիներ ունի, անգամ Կարմիր գրքում գրանցված բոնոբո տեսակի կապիկ։ Ավելի վաղ Արտյոմ Վարդանյանը հայտարարել էր, որ այդ կապիկները ձեռք է բերել հենց Արթուր Խաչատրյանից, ով այսօր պնդում էր, թե բոլոր կենդանիները ներկրել է օրինական ճանապարհով։ Ասաց, թե չի կարող մտաբերել՝ անցած 15 տարիներին գոնե մոտավոր հաշվարկներով որքան կենդանի է ներկրել Հայաստան։ Նշում է, որ կենդանիները գնել է տանզանիական Arusha Birds traders ընկերությունից։
«Տանզանիայի այդ արտահանող ընկերության հետ 15 տարվա համագործակցության ընթացքում մինչև օրս որևէ խնդիր չի եղել։ Ապօրինի ներմուծման մասին խոսք լինել չի կարող», - պնդեց նա։
Մինչդեռ «Հետք» էլեկտրոնային պարբերականը այս տարեսկզբին պարզել էր, որ կենդանիների ապօրինի առուվաճառքով զբաղվելու փաստով Կոնգոյում Ինտերպոլը 2014 թվականին միջազգային հետախուզում էր հայտարարել Խաչատրյանի նկատմամբ։ Հայաստանում նրան ձերբակալել էին, սակայն կարճ ժամանակ անց ազատ էին արձակել։
Մաքսանենգ ճանապարհով բոնոբո տեսակի կապիկների ներմուծման փաստով վարույթ էր հարուցել նաև Հայաստանի ֆինանսների նախարարության քննչական վարչությունը, սակայն այդպես էլ որևէ որոշում այդ գործով չի կայացվել։
Խաչատրյանը հաստատեց, որ կապիկներին Հայաստան հասցնելու համար իր հետ համագործակցող տանզանիական Arusha Birds traders ընկերության սեփականատերը ևս ձերբակալված է։
Տանզանիական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից։