Սիրիայի կառավարական զորքերը, ռուսական զինված ուժերի աջակցությամբ վերադարձրել են պատմական Պալմիրա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին այսօր հաղորդել է սիրիական հեռուստատեսությունը՝ հավելելով, որ կառավարական ուժերը քաղաքում սկսել են ականազերծման աշխատանքները։
Մարդու իրավունքների հարցերով զբաղվող սիրիական դիտորդական խումբը հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալների մեծ մասը դուրս է մղվել քաղաքից ու նահանջել դեպի արևելք։ Կազմակերպության տվյալներով, 400 իսլամիստ զինյալ և 180 կառավարական զորքերի զինվորներ են մահացել մարտական գործողություններում։
Պալմիրան Ռաքքային՝ իսլամիստների հենակետին կապող ճանապարհը այժմ սիրիական բանակի վերահսկողության տակ է, ինչը նշանակում է, որ զինյալները կարող են նահանջել միայն դեպի արևելք՝ Իրաքի սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Պալմիրան ազատագրելու կապակցությամբ։
«Իսլամական պետության» զինյալները հնագույն Պալմիրա քաղաքը գրավել էին անցյալ տարվա մայիսին, ականապատել էին քաղաքը ու ոչնչացրել բազմաթիվ պատմական հուշարձաններ։