Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք գործեցին Բաքվից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նարդարան ավան, որտեղ անցած շաբաթ հավատացյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել: Ավելի քան 9 հազար բնակիչ ունեցող Նարդարանը վերջին մի քանի օրերին լիակատար շրջափակման մեջ էր հայտնվել, գյուղը հոսանքազրկվել էր, դադարեցվել էր նաև գազի մատակարարումը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունները այսօր գործողության մեկնարկից քիչ անց հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորաբար նշված էր․ - «Զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր առգրավելու նպատակով Նարդարան ավանում հատուկ գործողություն է մեկնարկել, որը գտնվում է անձամբ նախագահ Իլհամ Ալիևի հսկողության ներքո: Գործողության ընթացքի մասին երկրի ղեկավարին պարբերաբար զեկուցվում է»:
Վաղ առավոտյան արդեն համացանցում տեսագրություններ հայտնվեցին, որոնցում հստակ երևում էր, թե ինչպես է ներքին զորքերի շարասյունը մեծ արագությամբ շարժվում Նարդարանի ուղղությամբ: Տեղական կայքերը նաև մի լուսանկար հրապարակեցին, որից պարզ էր դառնում, որ Ապշերոնի թերակղզու հյուսիսում գտնվող այս բնակավայրում ծավալված գործողությանը մասնակցում է անգամ Ադրբեջանի Կասպիական նավատորմը: Minval.az կայքի տեղեկություններով՝ առնվազն մեկ ռազմանավ ծովից արգելափակել էր Նարդարանը:
Բուն ավանում ընթացող գործողության մասին տեղեկությունները ևս բավական կցկտուր են: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքում հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ ընթացող խուզարկություններին նաև կին հատուկ ջոկատայիններ են մասնակցում, ինչը թերևս պատահական չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նարդարանցի հավատացյալ կանայք վերջին օրերին ոստիկանության հետ դիմակայության ակտիվ մասնակիցներն էին:
Նարդարանում ընթացող գործողություններին զուգահեռ, ադրբեջանական իշխանությունները այսօր առավոտյան հարազատներին հանձնեցին նախորդ շաբաթ տեղի ունեցած ընդհարման ժամանակ զոհված երեք հավատացյալների մարմինները: Ադրբեջանցի իրավապահները լուրջ մտավախություն ունեին, որ հուղարկավորությունը կարող է նոր բազմամարդ ցույցերի պատճառ դառնալ, սակայն գյուղում մեկնարկած հատուկ գործողությունը իրադարձությունների զարգացման նման սցենարի հավանականությունը հասցրեց նվազագույնի:
Ադրբեջանում բավական հաճախ հնչող կարծիք կա, որ երկրի տարածքում շիա մահմեդականության գլխավոր կենտրոններից մեկը հանդիսացող Նարդարանն իրականում գտնվում է Իրանի իշխանությունների ազդեցության ներքո:
Այս մեղադրանքները հերքելու նպատակով էր թերևս, որ հատուկ գործողությանը զուգահեռ, Բաքվում Իրանի դեսպանությունը հարկ համարեց հանդես գալ հատուկ հայտարարությամբ:
«Իրանը մշտապես և սկզբունքորեն դեմ է արտահայտվել որևէ խնդիր բռնությամբ լուծելուն: Իսլամական հանրապետությունը ցանկանում է, որպեսզի բարեկամ երկրներում խաղաղություն և կայունություն լինի: Եթե իհարկե Ադրբեջանի պաշտոնական մարմինները ապացուցեն, որ Իրանը միջամտում է երկրի ներքին գործերին, ապա այդ փաստերը միանշանակորեն հետաքննվելու են: Մենք, սակայն, համոզված ենք, որ նման փաստեր և ապացույցներ գոյություն չունեն», - նշված է Իրանի դեսպանության հայտարարության մեջ:
«Տարածաշրջանում, մասնավորաբար հարևան պետությունների հանդեպ Իրանի որդեգրած արտաքին քաղաքականությունը հիմնված է նախևառաջ բարիդրացիության, կառուցողական համագործակցության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա: Այդ քաղաքականությունը գործնականում ևս կիրառվում է», - նշում են իրանցի դիվանագետները` ակնարկելով, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունների վատթարացումը ձեռնտու է երրորդ կողմին: «Մեր երկու պետությունների մերձեցումը ձեռնտու չէ Ադրբեջանի և Իրանի չարակամներին», - ասված է հայտարարությունում: