Մատչելիության հղումներ

Թուրքիան պնդում է, որ ՍՈւ-24-ը խախտել էր երկրի սահմանը


Ռուսական օդուժի ՍՈւ-24 օդանավը Սիրիայում, նոյեմբեր, 2015թ.
Ռուսական օդուժի ՍՈւ-24 օդանավը Սիրիայում, նոյեմբեր, 2015թ.

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն, ռուսական ինքնաթիռը 5 րոպեի ընթացքում 10 անգամ զգուշացվել է:

Պաշտոնական Անկարան պնդում է, թե ռուսական ՍՈւ-24 ռազմական ինքնաթիռը խախտել էր թուրք-սիրիական սահմանը․ «Անադոլու» գործակալությունը վկայակոչում է ինքնաթիռի թռիչքի հետագծի ուսումնասիրությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն, ռուսական ինքնաթիռը 5 րոպեի ընթացքում 10 անգամ զգուշացվել է, սակայն չի հեռացել սահմանից, և ՍՈւ-24-ը խոցվել է երկու F-16 կործանիչների կողմից:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դեպքից անմիջապես հետո կապվել է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով միջադեպի մանրամասները:

Արդեն հայտնի է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը առաջիկա ժամերին այդ հարցով խորհրդակցություն կանցկացնի:

Դավութօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան ամեն բան անելու է երկրի ժողովրդավարությունը, խաղաղությունը և անվտանգությունն ապահովելու համար:

Իրադարձությունների ընթացքին հետևում է նաև երկրի նախագահը:

Թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական օդանավի կործանմանը լայնորեն արձագանքում են թուրքական մամուլն ու սոցիալական ցանցերը:

«Ռադիկալ» պարբերականի հոդվածագիր Էրքան Դեմիրթաշը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ անցած շաբաթավերջին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը հրավիրվել էր երկրի արտաքին գերատեսչություն և զգուշացվել, որ Թուրքիայի օդային սահմանի խախտման դեպքում պատասխանը կոշտ կլինի:

«Թուրքիան Ռուսաստանի հետ խոսեց Պուտինի լեզվով», - եզրակացնում է Էրքան Դեմիրթաշը:

Սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումները ցույց են տալիս, որ քաղաքացիները դժգոհ են Թուրքիայի նման գործողություններից՝ մտավախություն հայտնելով, թե միջադեպը ծանր հետևանքներ կունենա երկրի համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Թուրքիան «թիկունքից հարված է հասցրել Ռուսաստանին», փաստում է, որ այդ մտավախությունն ամենևին անտեղի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG