Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Հայաստանը միջազգային գործընկերների հետ Աֆղանստանում մնալու է այնքան, որքան անհրաժեշտ է


Նյու Յորքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած խաղաղապահության գագաթնաժողովին:

Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ, ելույթ ունենալով գագաթնաժողովում, Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներին ու կառույցներին՝ Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման գործում առանցքային դերակատարության համար:

«Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը՝ Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով», - իր ելույթում, մասնավորապես, ասել է նա:

Սարգսյանը հիշեցրել է՝ 2004թ․-ից Հայաստանը մասնակցել է խաղաղապահ բազմաթիվ առաքելությունների՝ Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում, այս տարվանից նաև՝ Լիբանանում ու Մալիում:

Անդրադառնալով Աֆղանստանում միջազգային ուժերի կազմում հայկական զորախմբի մասնակցության հեռանկարին՝ Հայաստանի նախագահը հայտարարել է․ - «2015-ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցություն» առաքելությանը և, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է»:

«Կապերի խորացում արևմտյան կառույցների հետ»

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, Միացյալ Նահանգներում Սերժ Սարգսյանը, փաստորեն, հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը խորացնում է կապերը արևմտյան կառույցների հետ՝ ընդլայնելով խաղաղապահ առաքելություններին իր մասնակցությունը:

«Ի տարբերություն Ադրբեջանի, որը սպառում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանը՝ ռազմական տեսանկյունից, միայն ընդլայնում է իր ներգրավվածությունը միջազգային անվտանգության ապահովման գործում: Սա նաև նշանակում է՝ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը ընդունում են, որ Հայաստանը հաջողությունների է հասել զինված ուժերի բարեփոխման գործում: Մյուս կողմից, հաշվի առնելով Ռուսաստանի ու Արևմուտքի միջև շարունակվող հակամարտությունը, Հայաստանն առանձնանում է՝ որպես համագործակցության օրինակ», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Վերլուծաբանի խոսքով՝ Օբամայի նախաձեռնած գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի ելույթը նաև ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքական ուղերձ է․ - «Մինչ նախագահ Սարգսյանը նման կարևոր ելույթով էր հանդես գալիս Նյու Յորքում, այստեղ՝ Հայաստանում, անցկացվեցին հայ-ռուսական կարևոր զորավարժություններ: Սա ցույց է տալիս, որ ռազմավարական տեսանկյունից Հայաստանը կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի համար»:

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ հայաստանյան խաղաղապահ բրիգադին ՆԱՏՕ-ն շնորհել է մարտական պատրաստվածության ավելի բարձր կարգ՝ NATO Combat Readiness Evaluation Level-2, ինչը, դիտորդների գնահատմամբ, վկայում է Հայաստանի ու Հյուսիսատլանտյան դաշինքի կապերի խորացման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG