«Իշխանությունը պահելու համար արյուն հեղել չի կարելի», - Կիևի կենտրոնում ավելի քան հարյուր խաղաղ ընդդիմադիրների սպանությունից ընդամենը մեկուկես տարի անց BBC-ին տված ծավալուն հարցազրույցում հայտարարում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Բրիտանացի Գեյբրիել Գեյթհաուզը առաջին արևմտյան լրագրողն է, ում 2014 թվականի փետրվարից ի վեր հաջողվել է զրուցել Ուկրաինայի նախկին ղեկավարի հետ:
«Ոչ մի իշխանություն մի կաթիլ արյուն անգամ չարժե: Ես դեմ էի արյունահեղությանը», - հայտարարում է Վիկտոր Յանուկովիչը, ում իշխանության վերջին օրերին ոստիկանության ուժերի ձեռքով տասնյակ խաղաղ ցուցարարներ զոհվեցին:
«Այդ դեպքում, եթե Դուք դեմ էիք, ինչո՞ւ էին իրավապահները կրակում մարդկանց վրա, ո՞ւմ հրամանով», - տարակուսում է բրիտանացի լրագրողը: «Ես նման որևէ փաստ չունեմ, որ որևէ մեկը հանրահավաքի մասնակիցների վրա կրակելու հրաման արձակած լինի: Ես կտրականապես դեմ էի այդ քայլին», - հայտարարում է Յանուկովիչը:
«Իսկ Դուք, որպես նախագահ, հրամայե՞լ էիք չկրակել ցուցարարների ուղղությամբ», - հարցնում է BBC-ի թղթակիցը` Յանուկովիչից բավական անսպասելի պատասխան ստանալով: «Ես նման լիազորություններ չունեի: Բացի այդ, ես հրապարակավ հայտարարել էի, որ դեմ եմ ցուցարարների դեմ ուժի կիրառմանը, առավել ևս՝ հրազենի գործադրմանը», - հայտարարում էր Յանուկովիչը, ով, հիշեցնենք, թեև պնդում է, որ Մայդանում կատարված սպանություններին որևէ առնչություն չունի, այնուհանդերձ, ռուսական դեսանտայինների ուղեկցությամբ Ուկրաինան լքեց Կիևի կենտրոնում տեղի ունեցած սպանդի հաջորդ օրը:
Լրագրողի հարցին էլ՝ արդյոք պատրա՞ստ է վերադառնալ Կիև և տեղում ապացուցել իր անմեղությունը, Յանուկովիչը փաստորեն բացասաբար է պատասխանում: «Ես դիմեցի գլխավոր դատախազությանը` հետաքննության նյութերը գաղտնազերծելու խնդրանքով: Հանրությունը, սակայն, տեղյակ չէ, որ որևէ հետաքննություն չի իրականացվում, իսկ ապացույցները ոչնչացվում են», - նշում է Ուկրաինայի նախկին ղեկավարը:
Ի դեպ, BBC-ի նկարահանող խումբն ու Յանուկովիչը հանդիպել են կիսագաղտնի պայմաններում` Մոսկվայից ոչ հեռու գտնվող ձիարշավարաններից մեկում:
«Հայրենիքից արտաքսված Յանուկովիչը շարունակում է շատ լուրջ վերաբերվել իր անվտանգությանն ու մասնավոր կյանքը հանրային ուշադրությունից զերծ պահելուն», - նշում է BBC-ի լրագրողը:
Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականին նախորդեցին Կիևի կենտրոնում կազմակերպված բողոքի գործողությունները: Դրանք էլ, իրենց հերթին, սկիզբ առան այն բանից հետո, երբ 2013-ի նոյեմբերի վերջին ուկրաինական ոստիկանությունը դաժանաբար ցրեց Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի կնքումը պահանջող երիտասարդների հանրահավաքը` այսպես կոչված Ուսանողական մայդանը: Հարկ է նկատել, որ ուսանողների հանրահավաքը ցրելուց հետո Յանուկովիչը պաշտոնավարեց ևս 81 օր: