Մատչելիության հղումներ

Ստամբուլում դադարեցվել են հայկական հին որբանոցի շենքը քանդելու աշխատանքները


Հայկական որբանոց Թուրքիայում, 1916թ․
Հայկական որբանոց Թուրքիայում, 1916թ․

Այս որբանոցում ապրած ամենահայտնի մարդկանցից մեկը Հրանտ Դինքն է:

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող նախկին հայկական որբանոցի շենքի մոտ չորեքշաբթի օրը բուլդոզեր էին բերել, բայց ակտիվիստները արգելել են, թույլ չեն տվել շարունակել քանդման աշխատանքները: Նրանք հայտարարել են, որ գիշերելու են տեղում, որպեսզի կանխեն շենքը քանդելու որևէ փորձ:

«Ակոս»-ը գրում է, որ մինչև այս պահը քանդվել է համալիրի ցանկապատի մի մասը, 5 ննջարան, տնօրենի աշխատասենյակը և մատուռը: Այստեղ ծրագրվում է բարձր կարգի բնակարանային համալիր կառուցել: Today’s Zaman-ը գրում է, որ երբ շենքը քանդելու լուրը տարածվել է, այն փրկելու համար այստեղ են եկել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից մի քանի պատգամավորության թեկնածուներ, որոնց թվում նաև՝ հայկական ծագում ունեցող Կարո Պալյանը:

Վերջինս Թվիթերում գրել է․ - «Շինարարական տեխնիկան սպասում է անկյունում: Մենք կոչ ենք անում մինչև վերադարձնելը ուշադրության տակ պահել կառավարության կողմից բռնագրավված տարածքը»:

Հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամի որբանոց-ամառային ճամբարը բացվել է 1963 թվականին: Թուրքիայի բարձրագույն դատարանը 1974 թվականին որոշում է ընդունել, ըստ որի` փոքրամասնությունների հիմնադրամները չեն կարող անշարժ գույքի սեփականատեր լինել: 1983 թվականին որբանոցը փակվել է, հողը վերադարձվել է նախկին տերերին, չնայած Հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամը իրավական միջոցներով փորձում էր կանխել որբանոցի փակվելը: Այդ ժամանակներից մինչև հիմա մի քանի անգամ փոխվել է տարածքի սեփականատերը: Հիմնադրամը փորձել է վերականգնել սեփականության իրավունքը, բայց արդյունքի չի հասել:

Այս ամսվա սկզբից շենքը փրկելու համար ակտիվիստները վրաններով շրջափակել են այն և տարածքի այգին, շարունակաբար աշխատում են ուղիներ գտնել՝ պաշտպանելու պատմական նշանակություն ունեցող կառույցը, արշավ են սկսել ինտերնետ կայքերում, քանի որ այլ տարբերակներ չեն տեսնում:

Այս որբանոցում ապրել է նաև «Ակոս»-ի նախկին խմբագիր Հրանտ Դինքը, ով սպանվեց 2007 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG