Մատչելիության հղումներ

Հայաստանի բաց երկնքի քաղաքականությունը չի հրապուրել ավիաընկերություններին


Հայաստանի բաց երկնքի քաղաքականությունը չի հրապուրել ավիաընկերություններին
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

Նախորդ տարի միակ ընկերությունը, որ մուտք էր գործել ազատականացված շուկա, Air Armenia-ն էր, որը սակայն կարճ ժամանակ անց պարտքեր կուտակեց և դադարեցրեց չվերթները։

2013 թվականին կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությամբ Հայաստանի օդային տարածքը ազատականացվեց` հնարավորություն տալով բյուջետային ընկերությունների ներգրավել, որոնք ավելի համեստ ծառայություններ մատուցելով շուկայականից ցածր սակագներ են առաջարկում։

Սա իրականացնելու համար նախատեսվում էր օգտագործել Շիրակ օդանավակայանը։ Անցել է երկու տարի, սակայն բյուջետային որևէ ավիափոխադրողի հետ պայմանավորվածություն դեռ չկա, իսկ Շիրակ օդանավակայանից շաբաթական ընդամենը երկու թռիչք է իրականացվում Մոսկվա՝ այն էլ երևանյանից թանկ գներով։

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը օրերս Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ դեռ բանակցում են այս ուղղությամբ։

«Ես պարզապես կհորդորեի՝ չմտածենք, որ հենց հաջորդ ժամին հնարավոր է լինելու, որ այդ ընկերությունները ժամանեն Հայաստան։ Դա բավականին երկար աշխատանք է։ Նախարարի տեղակալի գլխավորությամբ բանակցող խումբ է մեկնում մի քանի երկրներ, այսպես կոչված road show-ի, կներկայացնի, կբանակցի այդ ընկերությունների հետ՝ հնարավոր զարգացումները Հայաստանին օգտին գրանցելու համար»,- ասաց նախարարը։

Ճշմարիտյանը նաև նշեց, որ նախորդ տարվա համեմատ ուղևորափոխադրումներն ավելացել են 21 տոկոսով, և հենց սա էլ վկայում է բաց երկնքի քաղաքականության հաջողության մասին։
Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը թռիչքների հաճախականության և ուղևորափոխադրումների աճը հիմնականում կապում է արտագաղթի հետ։ Ըստ նրա՝ այս ցուցանիշները չեն կարող վկայել, թե ծրագիրը հաջողել է։

«Ցանկացած երկիր էլ վերցնեք, իրենց մոտ ավիափոխադրումների աճ կա, դա չի կարելի պայմանավորել բաց երկնքի քաղաքականությամբ։ Մեր ժամանակ էլ ավելի մեծ էր աճը, նույնիսկ 90-ական թվականներին մեզ մոտ Վրաստանից էին գալիս, այստեղից թռչում, որովհետև մեր գները շատ ավելի մատչելի էին։ Իսկ հիմա հակառակ տենդենցն է։ Հիմա այստեղից են գնում և Թբիլիսիի, Քութաիսիի կամ Կիևի օդանավակայաններից մեկնում»,- ասաց Պետրոսյանը։

Այս օրերին, օրինակ, Երևանից Վարշավա կարելի է մեկնել ծախսելով 200-210 հազար դրամ, մինչդեռ Վրաստանի Քութաիսիի օդանավակայանից նույն ուղղությամբ տոմսն արժե 80 հազար դրամ՝ 2.5 անգամ էժան։ Ըստ Շահեն Պետրոսյանի, Հայաստանում էլ կարող էին նման low cost ընկերություններ գործել, համենայնդեպս, ինքը նման ընկերություն հիմնելու առաջարկով դիմել է էկոնոմիկայի նախկին նախարարին, սակայն առաջարկն անպատասխան է մնացել։

«Սովետական Միության ժամանակ ընդամենը մոմպաս կոնֆետներ էին տալիս թռիչքի ժամանակ, որ մարդկանց շնչառությունը տեղը գար։ Եվ ես առաջարկում էի, որ low cost ընկերություն ստեղծվի և կարողանա մրցակցել մյուս ընկերությունների հետ։ Իսկ օլիգարխները կարող են իրանց համար վարձել օդանավ և թռնել իրանց դուբայները»,- ասաց Պետրոսյանը։

Նախորդ տարի միակ ընկերությունը, որ մուտք էր գործել ազատականացված շուկա, Air Armenia-ն էր, որը սակայն կարճ ժամանակ անց պարտքեր կուտակեց և դադարեցրեց չվերթները։ Ընկերության կոմերցիոն տնօրեն Սիմոն Ավագյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ներդրում կատարող East Prospect hիմնադրամի հետ պայմանավորվածություն կա, սակայն դեռ գումար չկա, որպեսզի հնարավոր լինի օդանավեր վարձակալել և թռիչքները վերսկսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG