Մատչելիության հղումներ

Հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը


Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Հռչակագիրն այսօր միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում:

Փաստաթուղթն ընթերցել է նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Հանրապետության նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

Հռչակագրում, մասնավորապես, ասվում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` «Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»:

Հռչակագիրը նաև կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ «ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը» և «դիտարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարը «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու գործընթացում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG