Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման


Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Մեղադրող կողմը, հիշեցնենք, պահանջել էր նրան դատապարտել 6.5 տարվա ազատազրկման:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դերասան Վարդան Պետրոսյանն այսօր դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Մեղադրող կողմը, հիշեցնենք, պահանջել էր նրան դատապարտել 6.5 տարվա ազատազրկման:

Դատարանը Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

2013 թվականի հոկտեմբերի 20-ին, հիշեցնենք, Կոտայքի մարզում Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Ինքը դերասանը տեղափոխվել էր հիվանդանոց:

Տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված հայցը թողնվեց առանց քննության, իսկ Գյուղնախարարությանը պատկանող կազմակերպություններից մեկի ներկայացրած հայցը բավարարվեց 1 մլն 200 հազար դրամի չափով: Վարդան Պետրոսյանից որոշակի գումար կգանձվի նաև հօգուտ պետբյուջեի:

Դատական նախորդ նիստում Պետրոսյանն ասաց, թե գիտակցելով պատասխանատվության չափը՝ առաջադրված մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչում:

Նրա փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ իրենք համամիտ չեն վճռին, բայց չեն պատրաստվում բողոքարկել այն․ - «Դատավճռի հետ համաձայն չեմ: Տրվել է իրավիճակային լուծում: Այսինքն՝ այս դատավճռի հետ, հաստատ համոզված եմ, որ տուժող կողմը նույնպես համաձայն չի լինի: Քանի որ այս դատավճիռը ընդհանուր աղերսներ չունի իրավունքի հետ: Վարդան Պետրոսյանի դիրքորոշումը այն է, որ գնանք այս սցենարով՝ չբողոքարկենք վերաքննիչ դատարան այս դատական ակտը՝ անկախ ամեն ինչից: Եթե նույնիսկ դատարանը տար տասը տարի, մենք նույնպես չէինք բողոքարկի»:

Բաղդասարյանը ենթադրում է, որ այս տարվա ապրիլին համաներում կհայտարարվի․ - «Նախորդ համաներման ակտից ելնելով՝ մենք գիտենք, որ 5 տարի ազատազրկման դատարտվելու դեպքում, անզգույշ հանցագործությունների պայմաններում համաներման ակտով գործը կկարճվի: Այսինքն, եթե տուժող կողմը հանկարծակի որոշեց բողոքարկել այս դատական ակտը, վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել, Վարդան Պետրոսյանին դատարանի դահլիճից բաց թողնել»:

Դատավճռի ընթերցմանը ներկա չէին տուժողների իրավահաջորդները, դատարանից շատ արագ հեռացավ նրանց ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը՝ լրագրողներից փոխանցելով, որ բողոքարկելու են դատավճիռը:

«Եթե իրենք բողոքեցին, ընդունենք, Վարդան Պետրոսյանը երկու ամիս էլ ավել մնաց՝ մինչև ապրիլ , օգուտը նրանց ինչում է կայանում, ես անկեղծ չեմ հասկանում», - բողոքարկելու մտադրության առնչությամբ ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Պաշտպանական կողմը, այդուհանդերձ, չի համակերպվում իրավիճակին և արդեն դիմել է Հատուկ Քննչական ծառայություն՝ գործը վարած քննիչի դեմ փաստաթղթեր կեղծելու համար քրեական գործ հարուցելու հայցով: Փետրվարի 2-ին արդեն դատական նիստ է նշանակված:

Այսօր Վարդան Պետրոսյանին աջակցելու էին եկել մի շարք հայտնի արվեստագետներ: Դատարանում էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դատավճռի հրապարակումից հետո «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը ասաց․ - «Ես Վարդան Պետրոսյանի հետ սովորել եմ: Ես գիտեմ ինքը ինչ հոգու տեր, ինչ նրբազգաց անձնավորություն է: Ամենամեծ պատիժը, ինքը բազմիցս ասում էր, այն զոհերն են, որոնք ամբողջ կյանքում պիտի ապրեն իր հետ»:

Դերասանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Վարդանն ամուր է հոգով և կդիմակայի կյանքի այս դժվարությանը ևս:

XS
SM
MD
LG