Մատչելիության հղումներ

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան դադարեցնում է ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը


«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի` հունիսի 10-ի նիստում որոշում է կայացվել դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Այս որոշումը, սակայն, չի վերաբերում ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաղորդագրության համաձայն, տնօրենների խորհրդի որոշման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին:

«Կորպորացիան ափսոսանք է հայտնում, որ չի կարողանալու շարունակել Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորումը», - ասել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաղորդագրության գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը:

«Այս որոշման պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին: Հանգամանքը, որ Կորպորացիան չի կարողանալու համագործակցել Հայաստանի հետ գյուղական աղքատ համայնքների համար նախատեսվող ճանապարհների կառուցման գործում, հատկապես հիասթափեցնող է, քանի որ հենց գյուղական այդ համայնքներն են լինելու մեր գործընկերները ապագայում զարգացում ապահովելու մեջ», - հավելել է Բենտը:

Հայաստանի հետ կնքված համաձայնագրով, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան երկրին տրամադրում է 235,6 միլիոն դոլար, որից` գյուղական ճանապարհների վերանորոգման ենթածրագրի համար ընդհանուր առմամբ նախատեսվում էր հատկացնել շուրջ 64 միլիոն դոլար, ոռոգման ցանցերի վերականգնման եւ ջրից դեպի շուկա ենթածրագրերի համար` ավելի քան 160 միլիոն դոլար:

Կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու ծրագիրն ամբողջությամբ կամ դրա առանձին ենթածրագրերը, եթե երկիրը անհրաժեշտ առաջընթաց չի ապահովում ժողովրդավարական մի շարք ցուցիչներով, որոնցից են` մամուլի ազատությունը, կոռուպցիայի, կառավարության գործունեության թափանցիկությունը, ժողովրդավարական կառավարումը:

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի Հայաստանի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը գիտակցելով, Հայաստանի համար ամերիկյան աջակցության անհրաժեշտությունը, ծրագրի երեք բաղադրիչներից դադարեցրել է միայն գյուղական ճանապարհների նորոգումը:

«Վերջին բոլոր խորհրդի նիստերը` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի, առանձնապես անդրադարձել են Հայաստանում իրականացվող ծրագրին եւ դրա քաղաքական երանգներին: Անցյալ տարվա մարտի 1-ի իրադարձություններից հետո որոշում է ընդունել ժամանակավորապես կանգնեցնել ճանապարհաշինությանը տրվող գումարները, մինչեւ դրական տեղաշարժ լինի` իրենց կարծիքով, կամ իրենց բարձրացված հարցերը լուծվեն, որպեսզի կարողանան այդ սառեցումը հանել», - ասաց Հովսեփյանը:

Թե ինչպես կավարտվեն կիսատ մնացած գյուղական ճանապարհների նորոգման աշխատանքները, առայժմ պարզ չէ: Արա Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը կարող է գումարներ հատկացնել` շինարարությունը ավարտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG