Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հե՞տ է կանչել Հայաստանում իր դեսպանին


The California Courier պարբերականի տեղեկություններով, Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվել: Պարբերականի փոխանցմամբ, դրա պատճառը Էվանսի հայտարարություններն են Հայոց Ցեղասպանության վերաբերյալ:

Ջոն Էվանսը, պատասխանելով լրագրողների հարցին, այսօր ասաց, որ այդպիսի «թղթեր առայժմ» չի ստացել:

«Մենք բոլորս ծառայում ենք Միացյալ Նահանգների նախագահին, եւ ոչ ոք չի կարող ասել, թե երբ եւ ինչ որոշում կկայացնի նախագահը: Բնականաբար, ոչ ոք չի կարող ակնկալել, որ դեսպանն ընդմիշտ լինելու է մեկ երկրում եւ չգիտեմ, թե երբ եմ գնալու», - այդուհանդերձ, ավելացրեց դեսպանը:

Անցած տարի դեսպան Էվանսը Կալիֆորնիայում հրապարակային ելույթների ժամանակ (հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում) «ցեղասպանություն» էր անվանել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները:

«Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն... Կարծում եմ, մենք՝ Միացյալ Նահանգների կառավարությունը, պարտք ենք ձեզ՝ մեր համաքաղաքացիներին՝ ավելի անկեղծ ու ազնիվ ձեւով քննարկել այդ հարցը», - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության համաձայն, 2005 թվականի փետրվարի 19-ին հանդիպումներից մեկի ժամանակ ասել էր դեսպանը: - «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ես խոստանում եմ, որ մենք ավելի լավ ենք աշխատելու այդ հարցի ուղղությամբ»:

1981 թվականի ապրիլից ի վեր Էվանսը առաջին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան է, ով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները հրապարակայնորեն անվանել է «ցեղասպանություն»: 1981 թվականի ապրիլին դա արել էր երկրի նախագահ Ռոլանդ Ռեյգանը:

Ավելի ուշ՝ փետրվարի 28-ին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը տարածել էր Էվանսի հայտարարությունը. - «Չնայած ես նշել եմ, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հայկական ողբերգության վերաբերյալ չի փոխվել, սակայն օգտագործել եմ «ցեղասպանություն» բառը, որն արտահայտում էր իմ՝ Ջոն Էվանս անհատի, այլ ոչ թե քաղաքական գործչի տեսակետը: Սա թերեւս տեղին չէր»:

Ջոն Էվանսը, հիշեցնենք, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանն է 2004 թվականի օգոստոսից:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG